HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

17-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը: 11 շախմատիստների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց արտաշատցի 17-ամյա գրոսմայստեր Հայկ Մարիտիրոսյանը, ով ամբողջ առաջնության ընթացքում անպարտելի մնաց: Նա 10 հնարավորից վաստակեց 7 միավոր՝ գրանցելով 4 հաղթանակ և 6 ոչ-ոքի:                            

Չեմպիոնական մրցավազքում վճռորոշ եղավ նախավերջին՝ 10-րդ տուրը, որից առաջ Հայկ Մարտիրոսյանն ու Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ունեին 6-ական միավոր: Սակայն 10-րդ տուրում Հովհաննիսյանը Մանուել Պետրոսյանի հետ պարտիայում ռիսկի գնաց՝ խաղալով միայն հաղթանակի համար: Արդյունքում, 4 ու կես ժամ շարունակված պարտիայի 65-րդ քայլին Մանուել Պետրոսյանը ստիպեց Ռոբերտ Հովհաննիսյանին «վայր դնել զենքերը» և ընդունել իր պարտությունը:

Այսօր կայացած վերջին տուրից առաջ Հայկ Մարիտիրոսյանը կես միավորով գերազանցում էր Ռոբերտ Հովհաննիսյանին, և հատկանշական է, որ հենց նշված գրոսմայստերներն էլ վերջին տուրում մրցում էին միմյանց դեմ: Չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին միմիայն հաղթանակ էր անհրաժեշտ, իսկ Մարտիրոսյանին կբավարարեր նույնիսկ ոչ-ոքին, ինչն էլ պատանի շախմատիստի համար մեծ դժվարություն չներկայացրեց: Ի վերջո, Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակեց Հայաստանի 2009թ. չեմպիոն Արման Փաշիկյանը: Նախորդ առաջնության հաղթող Հովհաննես Գաբուզյանը անհաջող հանդես եկավ այս տարի: Նա 3,5 միավորով զբաղեցրեց վերջին՝ 11-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Հայաստանի նորընծա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը միջազգային մի շարք պատանեկան մրցաշարերի հաղթող է, 2016 թվականին մինչև 16 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն: Նա գրոսմայստերի տիտղոս է ստացել 2017 թվականի հոկտեմբերին: Հայաստանի չեմպիոն հռչակվելու շնորհիվ Հայկ Մարտիրոսյանը կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի կազմում և այս տարվա աշնանը Բաթումիում կմասնակցի շախմատի համաշխարհային 43-րդ Օլիմպիադային:

Ավելացնենք, որ կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչմանը արժանացել էր Մարիա Կուրսովան:

Լուսանկարը՝ wy2016.fide.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter