HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քրեական պատասխանատվությունից ազատեց սառը զենք կրելու մեջ մեղադրվող անչափահասին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր քրեական պատասխանատվությունից ազատեց սառը զենք կրելու մեջ մեղադրվող անչափահասին:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Վահե Կարապետյանը (անչափահասի անունը և ազգանունը փոխված է. հեղ) «2017թ. նոյեմբերի 22-ին տաբատի ձախ գրպանում ապօրինի կերպով կրել է սառը զենք՝ ըստ մեղադրանքում առկա բնութագրի` հարվածող-փշրող արհեստագործական եղանակով կռփազենքի նմանողությամբ պատրաստված մետաղյա առարկա, որը հայտնաբերվել է Ոստիկանությունում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Վերը նշվածի համար անչափահասին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշերով` ապօրինի կերպով սառը զենք կրելը:

Անչափահասը դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարեց, որ արարքի համար զղջում է, ապա միջնորդեց դատաքննությունն արագացված կարգով անցկացնել: Մեղադրող դատախազ Սաթենիկ Անդրեասյանն առարկեց միջնորդության դեմ` շեշտելով, որ ամբաստանյալն անչափահաս է: Դատարանը մերժեց միջնորդությունն ու դատաքննությունն ընդհանուր կարգով անցկացրեց:

Վահե Կարապետյանը, թեև հայտարարեց, որ հրաժարվում է հարցերի պատասխանել, այնուամենայնիվ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի մի քանի հարցին պատասխանեց, նշեց, որ գործով իրեղեն ապացույց  ճանաչված մետաղյա առարկան գտել է այն հայտնաբերելուց մոտ մեկ ամիս առաջ և երբևէ չի գործածել, դրանով որևէ անթույլատրելի արարք չէր պատրաստվում կատարել, պարզապես այդ օրը վերցրել  է` ընկերներին ցույց տալու համար:

Պաշտպանական կողմը դատարան ներկայացրեց Վահե Կարապետյանի վերաբերյալ մի քանի դրական բնութագիր:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազ Սաթենիկ Անդրեասյանը միջնորդեց անչափահասին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և ազատել քրեական պատասխանատվությունից` նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով  6 ամիս ժամկետով  ծնողների հսկողությանը հանձնելը: Պաշտպան Նարինե Սարգսյանը նույնպես դատարանին միջնորդեց իր պաշտպանյալին ազատել քրեական պատասխանատվությունից:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու և շուրջ 15 րոպե անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ անչափահասն ազատվեց քրեական պատասխանատվությունից, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 4 ամիս ժամկետով ծնողների հսկողությանը հանձնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter