
Ընդերքօգտագործողները կպարտավորվեն տեղեկություն հրապարակել արդյունահանված հումքի ծավալների վերաբերյալ
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Կառավարության հերթական՝ հունվարի 25-ի նիստին ներկայացրեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։ Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը հունվարի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն քանի դեռ վարչապետը չի ստորագրել հրաժարականի դիմումը, վերջինիս լիազորությունները գործում են։
«Փաթեթը բխում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը մեր երկրի անդամակցության և դրա շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորություններից։ Խնդիրը հիմնականում արդյունահանող ճյուղերի կամ բնական պաշարների կառավարման թափանցիկության ապահովումն է, և այս բնագավառում առաջին քայլը Կառավարությունն արդեն արել է»,- ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ այս տարվա հունվարի 1-ից թվայնացված և հանրությանը մատչելի հարթակներում տեղադրված են ընդերքի մասին համապարփակ տեղեկատվություն պարունակող արխիվային փաստաթղթերը։
«Սա երկրորդ քայլն է, որով մենք ապահովում ենք արդյունահանողների գործունեության թափանցիկությունը, և դրա վերաբերյալ օրենսդրական չափորոշիչներ ենք սահմանում»,- ասաց Աշոտ Մանուկյանը։
Փոփոխություններից է նաև այն, որ ընդերքօգտագործողները պարտավորություն են ունենում որոշ հարթակներում տեղեկություն հրապարակել արդյունահանված հումքի ծավալների վերաբերյալ։
Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել