HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նախկին իրավապահը զրկվել է հաշմանդամության կարգից

«Երևան քաղաքում շտապօգնության սրտի բրիգադ երևի չի մնացել, որ մեր տուն չի եկել»,- ասում է նախկին ռազմական ոստիկան Աբրահամ Մկրտչյանը: Նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել, որն այս տարի չի հաստատվել:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները որոշել են, որ նրա առողջական վիճակը բարելավվել է։ 2017թ. հունվար ամսին Աբրահամ Մկրտչյանը սրտի AV լրիվ պաշարում է ունեցել, որն արձանագրել են շտապօգնության բժիշկները: Այս փաստաթուղթը ներկայացվել է բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկումներն ընդունող հանձնաժողովին, սակայն հիմք չի դարձել հաշմանդամության կարգը հաստատելու համար:

«Տնեցիները մեկ-մեկ ասում են` լավ է, որ քեզ հաշմանդամ չեն ճանաչում, կարող է քո հոգեբանությունը փոխվի, մտածես, որ հիվանդ չես, ու լավ լինի: Ասում եմ` տա Աստված, բայց ամեն գիշեր ահուդողով ես պառկում քնելու, որ առավոտը վեր կկենաս»,- ասում է Աբրահամ Մկրտչյանը:

Կարգը վկայող փաստաթուղթը Աբրահամ Մկրտչյանին հնարավորություն էր տալիս ամսական ստանալ 15 հազար դրամ թոշակ և պետպատվերով կամ մասնակի վճարումով օգտվել բժշկական որոշ ծառայություններից, որոնց կարիքը նա այժմ ունի:

«Չէի մտածում, որ էսքան հիվանդություններով ինձ կարող է կարգից զրկեն»

«Ծառայության ընթացքում` փողոցում կանգնած, ինձ մոտ պրիստուպ եղավ: 2008 թվականի դեպքերի ժամանակ էր: Ընկերս նստեց իմ մեքենայի ղեկին, ինձ բերեց տուն»:

Աբրահամ Մկրտչյանը ծառայում էր պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում: Սկզբում շենքի բուժքույրն է ներարկում արել, հետո շտապօգնություն են կանչել: Բժիշկներն այդ ժամանակ խորհուրդ են տվել դադարեցնել ծառայությունը: Նա, սակայն, շարունակել է աշխատանքի գնալ ևս երկու տարի: 2010թ. մայորի կոչումով ինքնակամ դիմում է գրել և դուրս եկել: Նույն տարվա նոյեմբերից նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել` ողնաշարի հիվանդության, իսկ 2014 թվականից` արդեն սրտի հիվանդության համար:

«2014թ. սրտի վիրահատություններից հետո իրենքտեսնելով իմ վիճակը, հենց իրենք են առաջարկել, որ քո հաշմանդամության խումբը պետք է տանք սրտով, քո սիրտը ավելի վատ վիճակում է, քան քո ողնաշարը»:

Հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթում գրված է եղել, որ Մկրտչյանն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում՝ առաջին աստիճանի։

Այս տարի, սակայն, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի վերահաստատել հաշմանդամության 3-րդ կարգը: Հանձնաժողովի այս որոշումը նշանակում է, որ սրտի հիվանդությունը այլևս չի սահմանափակում Աբրահամ Մկրտչյանի կենսագործունեությունը: Ինքը` Մկրտչյանն ասում է` եթե հիվանդությունն իսկապես չսահմանափակեր իր գործունեությունը, և հնարավոր լիներ աշխատել, մի քանի տարի էլ կմնար ծառայության մեջ և ավելի բարձր թոշակով կզորացրվեր:

2014թ. Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, որտեղ ողնաշարի համար վերականգնողական բուժումներ էր ստանում, սրտի ուժեղ նոպա է ունենում, որից հետո մասնագետները խորհուրդ են տալիս այլևս լինել սրտաբանների հսկողության տակ։ Որպես զինհաշմանդամ` ՊՆ-ից ուղեգրվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բուժման համար, էլեկտրասրտագրության արդյունքներով, առաջարկում են միայն վիրահատություն:

«Ասացին՝ քո հիվանդության միակ լուծումը աբլացիան է: Դա, ինչպես ես եմ հասկանում, վիրահատություն է, որ մտնում են սրտի արյունատար անոթների մեջ, ինչ-որ ուղիներ կան` ներվային թելիկներ, լազերով այրում են, որ վերանա պրիստուպը: Մտածեցի` միգուցե այդ աբլացիան ինձ հարցի լուծում կլինի, կանեն և ես կարող եմ անցնել աշխատանքի, մանավանդ առաջարկություններ կային: Սակայն իմ բախտից էր երևի, վատ ավարտվեցին էդ աբլացիաները»:

Եթե մինչև վիրահատությունը ունեցել է միայն վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիա, ապա վիրահատությունից հետո` նաև փորոքային: Վիրահատությունն արվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում (վիրահատության ժամանակ` 2014թ., այն կոչվել է «Մալաթիա» հիվանդանոց): Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մեկ շաբաթ անց Մկրտչյանի մոտ կրկնվում են սրտի հիվանդության նույն ախտանշանները:

«Նույն պրիստուպն էր, որ իրենք ասում էին` էլ չի լինի: Գնացի նորից իրենց մոտ, իրենք էլ հիասթափվել էին, ափսոսացին, իրենց աշխատանքի արդյունքն էր, բնական է, որ պետք է վատ տանեին էդ նորությունը: Առաջարկեցին, ասացին, որ Վաշինգտոնից գալիս են բժիշկներ, աշխարհի ամենաուժեղ մասնագտեներ են…»:

ԱՄՆ-ից եկած մասնագետները տեղի բժիշկների հետ համատեղ, ըստ Աբրահամ Մկրտչյանի, անում են էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն, որը էական փոփոխություն առողջական վիճակում չի առաջացնում։ Մկրտչյանը ստիպված է լինում մնալ բժիշկների հսկողության տակ, այդ ժամանակ էլ էլեկտրասրտագրության արդյունքներով արձանագրվում է սրտի ռիթմի խանգարում մինչև 3-րդ աստիճանի AV պաշարումով:

«Էստեղ եզրակացությունները կան (ցույց է տալիս վերևի ԷՍԳ-ի արդյունքները-Մ․Մ․). փաստորեն արձանագրվել է 3-րդ աստիճանի AV պաշարում, դրանից հետո փոխվել է, իջել է երկրորդ, ու բոլոր հետազոտությունները դրանից հետո ցույց տվեցին, որ 1-ին և 2-րդ աստիճանի պաշարում ինձ մոտ մշտապես կա»:

Վիրահություններից հետո բժիշկներն առաջարկել են սրտի կծկողականությունն ապահովող արհեսատական սարք՝ pacemaker: Սա սրտի ռիթմը կարգավորող սարք է, ընդ որում, ինչպես բժիշկները փոխանցել են Աբրահամ Մկրտչյանին, սարքը ոչ թե վերացնում է պաշարումները, այլ թույլ է տալիս առավելագույն քանակությամբ դեղորայք ընդունել:

«Ինձ ասել են, որ կյանքիս որակը չի փոխվելու, պրիստուպները կլինեն, բայց սիրտս չի կանգնի, AV պաշարումը լրիվ չի ընթանա, բեյսմեյքերը չի թողնի, որ սրտի կանգ առաջանա»:

Մկրտչյանն այժմ դեռ չի ուզում փեյսմեյքեր տեղադրել երկու պատճառով. ֆինանսապես դեռ պատրաստ չէ, բացի այդ մտածում է, որ դեռ հնարավոր է արտերկրում հիվանդությունը բուժելու տարբերակ ունենա: Նկատի ունի հատկապես, օրինակ, Գերմանիայում բուժվելը։

«Անկեղծ ասած դեռ հույս եմ փայփայում, որ կարող է գա ժամանակ, որ մարդիկ գտնեն դրա լուծման որևէ մեթոդ»։

Իսկ այժմ հաշմադամության կարգը և դրա համար տրվող ամսական 15 հազար դրամ թոշակը նրան անհրաժեշտ է դեղերի ամսական չափաբաժնի մի մի մասը գնելու, նաև հիվանդանոցային որոշ ծառայություններից անվճար կամ մասնակի վճարումով օգտվելու համար:

Փորձեցինք Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնից պարզաբանում ստանալ, թե ինչու Աբրահամ Մկրտչյանի մոտ չի հաստատվել հաշմանդամության երրորդ կարգը, եթե այժմ նրա միակ «բուժումը» այդ սարքն է, ունեցել է սրտի AV լրիվ պաշարում, և անընդհատ բժշկական օգնություն կարիք ունի: Հաշմանդամության կարգը չհաստատելու որոշման տակ ստորագրել էր Երևանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ելիզավետա Միխայելյանը:

«Հետք»-ի հետ զրույցում Ե. Միխայելյանը նշեց, որ հիմնական պատճառը Աբրահամ Մկրտչյանի առողջական վիճակի բարելավումը վկայող բժշկական փաստաթղթերն են: Այսպիսի եզրակացություն, ըստ Ե. Միխայելյանի, արել է ոչ թե ինքը, այլ հանձնաժողովը` ի դմես բժշկության ոլորտում մասնագիտացած անդամների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների:

Հարցին, թե ինչն է հանձնաժողովի այդ որոշման իրավական հիմքը, Միխայելյանը պատասխանեց, որ Աբրահամ Մկրտչյանի` հանձնաժողովին ներկայացրած բոլոր փաստաթղթերի «օբյեկտիվ վերլուծությունը», իսկ հիմնականում` 2017թ. իրականացված հոլտեր հետազոտությունը:

«Արձանագրություն կա հոլտեր քննությունով, որը ներկայացված է բժշկական հիմնարկից, որը լիցենզավորված է կայացնելու այդ հետազոտությունը... Այ տեսեք, դուք անընդհատ նշում եք` AV պաշարում, պակերացնո՞ւմ եք դա ինչ է, դա սրտի աշխատանքի ռիթմի խանգարում է չէ՞, ո՞նց ենք արձանագրում սրտի ռիթմի աշխատանքի խանգարումը, ո՞նց եք պատկերացնում, պետք է լինեն օբյեկտիվ տվյալներ, օրինակ` կատարում են էլեկտրասրտագրություն, որը մի անգամվա տվյալ է, դա հինգ րոպեի տվյալ է: Իսկ 24-ժամյա հոլտեր քննության ժամանակ հիվանդին ապարատը դնում են, վերջում բժիշկը տալիս է եզրակացություն, հիմա այդ եզրակացությամբ գրվել է համապատասխան բարելավում, չգիտենք դեղորայքի ֆոնի վրա է, թե 2014թ. աբլացիայից հետո է...»,- ասաց Ելիզավետա Միխայելյանը:

Աբրահամ Մկրտչյանը բողոքարկել է այս որոշումը` նշելով, որ հոլտեր հետազոտության ժամանակ բժիշկն արձանագրել է այն, ինչ եղել է 24 ժամվա ընթացքում, բայց շտապօգնության իր կանչերը վկայում են, որ ամեն պահի իր մոտ կարող է լինել սրտի 2-րդ և 3-րդ աստիճանի AV պաշարում:

«Իրենք պետք է հասկանային, որ դա մի օրվա հետազոտությունով կարող է չլինի, կարող է տարվա մեջ մի օր լինի, ու ճակատագրական լինի»:

Աբրահամ Մկրտչյանը բողոքարկման ժամանակ ներկայացրել է տեղեկանք` 2017թ. շտապօգնության կանչերի մասին: Բողոքարկումներն ընդունող հանձնաժողովի նախագահը՝ Բելլա Հովհաննիսյանը, ինչպես պատմում է Մկրտչյանը, տեսել է այդ փաստաթուղթը, սակայն չի կցել փաստաթղթերի փաթեթին։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկանքով հաստատվում է, որ Աբրահամ Մկրտչյանի սրտի ռիթմի խանգարումն ուղեկցվել է AV լրիվ պաշարումով: Բողոքարկման հանձնաժողովի համար այս փաստաթուղթը հիմք չի ծառայել որոշումը չեղարկելու և հաշմանդամության կարգը վերականգնելու համար։ 

«Երբեմն ասում են` հնարավոր է մեկ-երկու ամսվա մեջ այդ որոշումը վերանայվի վիճակի վատացամամբ, բայց սրանից վատ վիճակ չի լինում: Իմ վիճակը նրանով է վատ, որ ցանկացած պահի ինձ լարվածության մեջ է պահում, ես չեմ կարող տնից մենակ դուրս գալ, ես չեմ կարող մասնակցել որևիցե միջոցառման: Նույնիսկ էն փոքր ստրեսները ինձ բերում են այդ վիճակին, որ մոտս կարող է լինի պարոքսիզմ. եթե անմիջապես ջղայնանալու պահին չլինի, ուրեմն օրվա մեջ անընդհատ էդ պրիստուպը ինձ մոտ լինելու է»:

Տեսանյութը՝ Հրանտ Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter