
Կառավարության անդամները կերդվեն, վարչապետն էլ կորոշի՝ նիստը լինի դռնփակ, թե դռնբաց
Կառավարությունը հավանության արժանացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, պարունակում է, որ նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով։ Սա օրենքների այն առանձնահատուկ տեսակն է, որտեղ նախաձեռնությունը պետք է ցուցաբերի հենց Կառավարությունը»,-ասաց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ այժմ Կառավարության գործունեությունը կարգավորվում է հանրապետության նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով։
«Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք, նախ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից, ընդ որում Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն 2/3-ը, Սահմանադրությունը մի շարք դրույթներ է նախատեսել, ինչպես՝ ինչ ժամկետներում պետք է առաջարկվեն Կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որ Կառավարությունը ձևավորվի։ Նախատեսում ենք, որ Կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են 18 նախարարություններ»,- ասաց նախարարը։
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ սահմանվելու է նոր պահանջ՝ Կառավարության անդամի կողմից երդում կատարելը, սահմանվել են դեպքեր, թե երբ է վարչապետը «օրենքի ուժով» պարտավոր հրաժարականի դիմում ներկայացնել, ինչպես օրինակ՝ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում։
«Կարևոր մի դրույթ Կառավարության նիստերի դռնփակության հետ կապված, հարց, որը վստահ եմ, դառնալու է քննարկման առարկա, բայց պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների Կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միմիայն դեպքում, երբ հանրությանն անհրաժեշտ է տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ, վարչապետի որոշումներով են, որ նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց, բայց միաժամանակ ապահովելու համար Կառավարության գործունեության թափանցիկությունը, որը վարչապետը պարտավոր է ապահովել, Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- ասաց Հարությունյանը։
Հարությունյանը երեք օր խնդրեց փաթեթն ամբողջական տեսքի բերելու համար, որից հետո կուղարկվի խորհրդարան։
Մեկնաբանել