HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ազդրը՝ մի պրոթեզարանում, սրունքը՝ մեկ այլ. հաշմանդամներին «կիսել են»

Հաշմանդամություն ունեցող մի քանի տասնյակ մարդ այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անցկացրեց: Նրանց հիմնական մասը վերջույթներից զրկված, սայլակից օգտվող ազատամարտիկներ, ապրիլյան ռազմական գործողություններից եւ Սպիտակի երկրաշարժից տուժածներ են, ովքեր պրոթեզավորում են անցել «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնում: Մի մասը ժամանել էր մարզերից, այդ թվում՝ սահմանամերձ Տավուշի Իջեւանի, Բերդի ու Նոյեմբերյանի տարածաշրջաններից:

«Ինտերօրթո»-ն գերմանական կենտրոնը, որը Գերմանիայի կառավարության եւ ժողովրդի կողմից, Սպիտակի երկրաշարժից հետո նվիրվել էր Հայաստանի Հանրապետությանը, 2018 թվականին դադարեցրել է գործունեությունը, քանի որ հաշմանդամ շահառուներին սպասարկելու՝ կառավարության հայտարարած մրցույթը շահել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն: Վերջինս աշխատում է չինական արտադրության պրոթեզներով ու դետալներով, այնինչ «Ինտերօրթո»-ն կիրառում է գերմանական արտադրության դետալներ: Չինականի նկատմամբ մասնագետների վստահությունը, մեղմ ասած, մեծ չէ, պրակտիկայում այն պակաս դիմացկուն է, երաշխիքը՝ 1 տարի: Գերմանական պրոթեզներն ու դետալները 3 տարի կրելու համար են:

Պետական պատվերի նվազման պատճառով «Ինտերօրթո»-ն, որն ունի ավելի քան 3000 շահառու, որոնց թվում քիչ չեն ռազմական գործողություններից տուժածները, կարող է ընդհանրապես դադարեցնել գործունեությունը Հայաստանում:

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անող հաշմանդամները պահանջում են, որպեսզի կառավարությունը հնարավորություն տա ազատ ընտրություն կատարել, թե որ մի կենտրոնում սպասարկվել: Իրավիճակն անընդունելի են համարում նաեւ նրանով, որ, ըստ տենդերի արդյունքների, ազդրի պրոթեզները պետք է սպասարկի մի ընկերությունը, սրունքինը՝ մեկ այլ: Կան հաշմանդամներ, որոնք վիրավոր են թե´ ազդրից, թե´ սրունքից, ինչը նշանակում է, որ պետք է երկու տեղ սպասարկվեն:

Բացի այդ, հաշմանդամները համաձայն չեն նոր բժիշկների դիմելու, քանի որ, նրանց իսկ խոսքով, որոշ դեպքերում 20 եւ ավելի տարիներ նույն մասնագետների խնամքի ներքո են, վերջիններս նրանց շատ լավ ճանաչում են, գիտեն հաշմանդամության ողջ պատմությունը:

Ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված, նոյեմբերյանցի Դավիթ Գրիգորյանն, օրինակ, ասում է, որ ավելի լավ է չքայլի, քան՝ ստանա «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ բուժօգնությունը, քանի որ չի վստահում: Բողոքի ցույցի մասնակիցներից ոմանք առիթ ունեցել են այս կենտրոնի ծառայություններից օգտվելու եւ դժգոհ են:

Բողոքի ցույցի մասնակիցներին, այդ թվում՝ «Ինտերօրթո»-ի բժիշկ-օրթոպեդներին, կառավարությունից հրավիրել են քննարկման: Այս պահին քննարկումն ընթացքի մեջ է: Թե ինչ հանգուցալուծում է ունենալու խնդիրը, ինչ կտան բանակցությունները, առայժմ հայտնի չէ: 

«Հետք»-ը կհետեւի իրադարձություններին եւ կներկայացնի լրացուցիչ մանրամասներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter