HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչի և փաստաբանի վերաբերյալ կաշառքի գործով ցուցմունք տվեց քննչական բաժնի պետը

Երևան քաղաքի ընդհանուր իրավադության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործի շրջանակներում դատախազ Արամ Մնացականյանը հրապարակեց ամբաստանյալների մեղադրանքը:

Քաղաքացի Բաբկեն Գասապարյանն, ըստ մեղադրանքի, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց  քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք:

Այսպես, ըստ մեղադրանքի` Էրեբունու քննչական բաժնում քննվելիս է եղել քրեական գործ, որի շրջանակներում Սոս Գասպարյանին վերագրվել է 112-րդ հովածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում`(դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը): Գործի նախաքննության ընթացքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը՝ գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանն, ըստ մեղադրանքի, այցելել է Էրեբունու քննչական բաժին, հանդիպել այդ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որդու օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու համար: Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը պետք է վերաորակվեր  քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Միքայել Զադոյանն, ըստ մեղադրանքի ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, ապա քննիչի աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս Բունիաթ Եղիազարյանը, և քննիչն ու քննչականի պետի տեղակալն, ըստ գործի նյութերի, համաձայնության գալով՝ Բաբկեն Գասարյանին խոստացել են իրենց լիազորությունների շրջանակներում Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարել:

3000 դոլարն անխոչընդոտ ստանալու համար, ըստ մեղադրանքի Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ վերջինիս այդ մասին նախօրոք զգուշացնելով:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի Բաբկեն Գասպարյանը հանդիպել է Գայանե Գալոյանին, նրան ներկայացրել որդու  վերաբերյալ գործի հանգամանքները: Նույն օրը  քննիչից և քննչականի պետի տեղակալից որոշակի պազաբանումներ ստանալուց հետո, ըստ մեղադրանքի, Գայանե Գալոյանը, քննիչի և քննչականի պետի կողմից կաշառք ստանալուն ուժանդակելու դիտավորությամբ նորից հանդիպել է Գասպարյանի հետ, ապա, ըստ գործի,  դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Զադոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին: Ավելին, Զադոյանը հայտարարեց, որ մեղադրանքի որոշ ձևակերպումներ իր համար հասկանալի չեն, պարզ չէ, թե  իր որ արարքներն են հիմք տվել, օրինակ, պնդել, որ ինքն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը: Փաստաբան Գայանե Գալոյանն էլ հայտարարեց, որ իր համար պարզ չէ, թե ինքն ինչպես է օժանդակել կաշառք ստանալուն:

Ամբաստանյալներից միայն ազատության մեջ գտնվող Բաբկեն Գասպարյանն ընդունեց մեղադրանքը:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց  Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը: Վերջինս նշեց, որ քրեական գործի հանգամանքներին ծանոթանալով՝ ակնհայտ է դարձել, որ մեղադրյալ Սոս Գասպարյանի արարքում առկա են քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի տարրեր: Այս հարցով անգամ քննարկում է եղել, սակայն ի վերջո իր որոշմամբ գործի նախաքննությունն ավարտվեց, ու այն դատարան է ուղարկվել 112-րդ հոդվածով, այսինքն՝ այն հոդվածով, որով հարուցվել էր ի սկզբանե:

Էդուարդ Սիրականյանի խոսքով՝ ինքը մշտապես տեղեկացել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի ընթացքի մասին, տեղեկացել քննչական բաժին ներկայացվող միջնորդություններին: Երբեմն, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, ըստ քննչական բաժնի պետի, ինքը անձամբ չի կարդացել այս կամ այն քրեական գործի նյութերը, այլ դրանցում առկա հանգամանքների մասին տեղեկացել է քննիչներից, որոնց վարույթում քննվել են գործերը:

Ըստ Էդուարդ Սիրականյանի ցուցմունքի՝ իրենց քննչական բաժնում վստահության մթնոլորտ է եղել, և երբևէ անգամ որևէ մեկի մտքով չի անցել, որ որևէ քննիչ կարող է այս կամ այն գործի հանգամանքներն այլ կերպ ներկայացնի, քան կա իրականում: Նույն վստահությունն, ըստ Սիրականյանի, եղել է նաև քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ:

Սիրականյանի խոսքով՝ ինքը չի նկատել Զադոյանի կողմից Սոս Գասպարյանի գործի նկատմամբ հատուկ վերաբերմունք:

Զադոյանի փաստաբաններից Հրանտ Անանյանը վկայից հարցրեց, թե ինչպե՞ս է Զադոյանը վերաբերել Սոս Գասպարյանի ձերբակալմանը, որին ի պատասխան` Էդուարդ Սիրականյանը նշեց, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը բացառապես ազատազրկում է նախատեսում՝ չի էլ քննարկվում հարցը, որ այս հոդվածով կասկածյալը կարող է չձերբակալվել:

«Եթե 112-ով կասկածյալ է լինում, պարտադիր ձերբակալվում է»,- հայտարարեց Սիրականյանը: Անանյանի դիտարկմանը, որ այս հոդվածով գործի շրջանակներում քիչ չեն նաև դեպքերը, երբ անձիք չեն ձերբակալվել, Սիրականյանը հակադարձեց, թե իր պրակտիկայում նման բան չի եղել:

«Իմ աշխատանքի ընթացքում նման բան չի եղել: Ես 112-ով չձերբակալված անձ չեմ տեսել, անձամբ չեմ ունեցել: Կասկածյալը 112-ով մտավ քննչական, ձերբակալվում է»,- հայտարարեց քննչականի պետը:

Վերջինիս հարցաքննությունն այսօր չավարտվեց, և կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ այսօր՝ մինչև դատաքննության փուլը, գործի նախապատրաստական մասում փաստաբան Գայանե Գալոյանը միջնորդեց, որպեսզի իր մեղադրանքի հիմքում դրված այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում, անթույլատրելի ճանաչվեն:

Գալոյանի նկատմամբ ներքին և արտաքին դիտում է իրականացվել, և դրա վերաբերյալ գործում առկա են փաստաբանի աշխատանքային սենյակում տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրություններ: Ըստ Գոլայանի՝ ինքը Գասպարյանի հետ ունեցել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիր, իսկ իր վստահորդի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը փաստաբանական գաղտնիք  պարունակող տեղեկություն է համարվում, որը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա վերջնական դատական ակտով:

Այսօր դատարանը մերժեց քննիչ Զադոյանի նկատմամբ խափանման միջոց կալանվորումը փոխելու միջնորդությունը: Զադոյանի պաշտպանները պնդում էին, որ վերջինս մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, երբևէ չի փորձել խոչընդոտել քննության ընթացքը, ընդգծում, որ միևնույն գործի շրջանակներում  քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և դրանից քննության շահը չի տուժել:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այնուամենայնիվ գտնում է, որ Զադոյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել:

Դատական նիստը հետաձգվեց, իսկ մյուսը նշանակվեց փետրվարի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter