HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կրպակ» սուպերմարկետից կես լիտր օղի կողոպտելու գործով ամբաստանյալը մահացել է

«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ օղի կողոպտելու փորձի մեջ մեղադրվող Նորայր Մելքոնյանը մահացել է:

Փետրվարի 4-ին Ավան վարչական շրջանում մահացած վիճակում հայտնաբերված տղամարդը Մելքոնյանն էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ավանում` Մինսկի փողոցին հարակից անվադողերի արտադրամասի տարածքի ճահճաջրերի մեջ հայտնաբերվել է տղամարդու մերկ դիակ: Քիչ հեռվում հայտնաբերվել է նաև հագուստ:

Մահացածի տվյալները համապատասխանում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԿԴ/0166/01/17 քրեական գործով անցնող ամբաստանյալի տվյալների հետ:

Իսկ այս գործը «Կրպակ» սուպերմարկետից կես լիտր օղի կողոպտելու դեպքի առթիվ Նորայր Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործն է, ինչպես պարզեցինք, մերկ վիճակում հայտնաբերված տղամարդը եղել է հենց Նորայր Մելքոնյանը:

Վերջինս 63 տարեկան էր, ազգությամբ հայ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Մելքոնյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, 2017 թվականի մայիսի 10-ին, անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է մեղադրանքում:

Ամբաստանյալը նախկինում դատվածություն չէր ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, հայտնել, որ օղին վերցրել է՝ «հաց ուտելիս խմելու համար»:

7 ամսից ավելի է` գործը դատարանում է, սակայն առ այսօր չէր հաջողվել որևէ դատական նիստի ապահովել ամբաստանյալի ներկայությունը: Քրեական գործը նախ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում էր, ապա փոխանցվեց դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:

Մելքոնյանի նկատմամբ անգամ հետախուզում էր հայտարարվել, վերջինս հայտնաբերվել էր, պարտավորվել ներկայանալ դատարան, սակայն դարձյալ չէր ներկայանում:

Թե ինչ հանգամանքներում և երբ է մահացել ամբաստանյալը, ինչու է եղել մերկ վիճակում, պարզ չէ: Վերջինիս մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter