HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Զսպաշապիկ փաստաբանների նկատմամբ»․ ԱԺ 3 խմբակցություն դեմ է փաստաբանների նկատմամբ առաջարկվող տուգանքներին

Խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և կից ներկայացված օրենքների փաթեթը, որը քննադատեցին ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ օրենքը հակասահմանադրական է։

«Դատական օրենսգրքից հանվեց դատավարության մասնակիցներին պատասխանատվության ենթարկվելու դրույթը, սակայն  ներառվեց Դատավարական օրենսգրքերում, և առաջինից երկրորդ ընթերցմամբ բերվել են նոր օրենքներ, որոնցում ներառվել են լրիվ նոր դրույթներ։ Փաստորեն փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատարանին, դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչև 100 հազար դրամի չափով տուգանք»,- ասաց պատգամավորը։ Զեյնալյանը հիշեցրեց, որ գործող Դատական օրենսգրքում էլ կա նման դրույթ, սակայն վերապահումով՝ պատասխանատվության ենթակա չէին փաստաբանները։

«Բայց չի եղել դեպք, որ սա կիրառվի դատախազների կամ քննիչների նկատմամբ սա իրականում զսպաշապիկ է փաստաբանների համար»,- ասաց Զեյնալյանը՝ շեշտելով, որ ընդունման պարագայում Հայաստանի՝ ՄԻԵԴ-ում պարտվելու գործերն ավելի են շատանալու։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան խորհրդարանը Փաստաբանների պալատից առաջարկ է ստացել՝ թույլ տալ ներկա լինել նիստին, սակայն քանի որ ԱԺ կանոնակարգով նման բան նախատեսված չէ, փաստաբանների ներկայությունը հնարավոր չի եղել նիստին ապահովել։

«Հորդորում եմ Կառավարությանը կրկին հանդիպել շահագրգիռ կողմին, ի վերջո որևէ մեկն իրավունք չունի խախտել ԱԺ կանոնակարգը և առաջինից երկրորդ ընթերցում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթները առաջին ռեժիմով չեն անցել»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ այս փոփոխությունները ՄԻԵԴ-ում դառնալու են «լրջագույն վիճարկման առարկա», ուստի Զոհրաբյանը հորդորեց նախագիծը քվեարկության չներկայացնել։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ նույնիսկ ուսումնասիրություններ չեն ներկայացվել, թե ինչու են անհրաժեշտ նման կարգավորումները, չի ներկայացվել տուգանքի չափը, կամ ինչպես կարող են բողոքարկել այդ որոշումը։

«Մեր դատարանները պատրաստ չեն նման իշխանություն ստանալուն, չարաշահվելու է, իսկ իմաստը փաստաբանությանը հարված հասցնելն է։ Մենք դատավոր ունենք, որը փաստաբանին ասում է՝ շատ չե՞ս արդեն միջնորդություն անում, կարող է ասի՝ շատ ես միջնորդություն ներկայացնում, արի քեզ մի հատ տուգանեմ»,- ասաց Մարուքյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս դժգոհեց Կառավարության հրատապությունից՝ նկատելով, որ նախագծի ընդունումն ավելորդ լարվածություն է ստեղծելու։

«Լուծումը, որը հիմա առաջարկվում է, անհասկանալի է, եթե կոնֆլիկտի կողմերից մեկը դատավորն է, ինչո՞ւ պետք է ինքը որոշի ինչպիսի պատիժ կիրառի փաստաբանի նկատմամբ, անաչառության սկզբունքը խախտվելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդունման դեպքում միջազգային ատյաններում հերթական անգամ Հայաստանն է պարտվելու։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը ստացել է Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուստի կոչ արեց կողմ քվեարկել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter