HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրառատում ավագանին ընտանիքի անդամներին «նվեր» է մատուցել

Արմավիրի մարզի Ջրառատի ավագանին 2017թ. դեկտեմբերի 20-ին որոշել է 680,000 դրամ սոցիալական օգնություն հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքի անդամներին: Ավագանու անդամներն առատաձեռն են գտնվել, և այդ գումարից բաժին է հասել նաև իրենց ընտանիքի անդամներին՝ ներկայացնելով որպես սոցիալապես անապահով:

Վերոնշյալ որոշման հիման վրա Ջրառատ համայնքի բնակիչ Ժաննա  Բաբուջյանը, որպես սոցիալապես անապահով, ստացել է 70,000 դրամ: Նա ավագանու անդամ Միհրան Բաբուջյանի դուստրն է: Միհրան Բաբուջյանը մասնակցել է ավագանու նիստին և կողմ է քվեարկել դստերն օգնություն հատկացնելու որոշման օգտին:

70,000 դրամի չափով սոցիալական օգնություն է ստացել նաև Ռիմա Մարգարյանը: Վերջինս ավագանու անդամ Վաղարշակ Սիմոնյանի ընտանիքի անդամն է, հաշվառված է վերջինիս տանը: Վաղարշակ Սիմոնյանը կողմ է քվեարկել իր ընտանիքի անդամին սոցիալական օգնություն հատկացնելու որոշմանը:

Ջրառատի ավագանին 70,000 դրամ էլ հատկացրել է Վարդիթեր Թորոսյանին: Վերջինիս ամուսինը՝ Հովհաննես Խաչատրյանը, ավագանու անդամ է: Հովհաննես Խաչատրյանը դարձյալ մասնակցել է դեկտեմբերի 20-ի ավագանու նիստին և կողմ քվեարկել կնոջը համայնքային բյուջեից սոցիալական օգնություն հատկացնելու որոշման օգտին:

Առաջին անգամը չէ, որ ավագանու անդամ Հովհաննես Կարապետյանը կողմ է քվեարկում մերձավորին օգնություն հատկացնելու որոշման օգտին: 2017թ. օգոստոսի 23-ին նույն սկզբունքով 50,000 դրամ է հատկացվել ավագանու անդամի որդուն՝ Կարապետ Խաչատրյանին:

70,000-ական դրամ սոցիալական օգնություններ են ստացել նաև Հովհաննես Այվազյանը, Արկադիկ Մանուկյանը, Աննա Սուքասյանը և Զարիկ Հակոբյանը, սակայն ընտրողների ռեգիստրի համաձայն, նրանք Ջրառատի հաշվառում չունեն:

Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին:

Ավագանու անդամներ Միհրան Բաբուջյանը, Վաղարշակ Սիմոնյանը, Հովհաննես Խաչատրյանը խախտել են օրենքը և մասնակցել իրենց մերձավորի օգտին կայացվող որոշման քվեարկությանը: Ավելին՝ կողմ են քվեարկել որոշումներին: Ասել է, թե ունենալով համայնքային բյուջեն տնօրինելու իրավասություն` ցուցաբերել են շահագրգռվածություն և գումարներ են հատկացրել իրենց մերձավորներին:

«Հետքը» նախկինում ևս անդրադարձել է Արմավիրի մարզի համայնքներում տիրող նմանատիպ իրավիճակներին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գրություններ էր ուղարկել համայնքապետերին, որպեսզի օրենքի խախտումով ընդունված ավագանու որոշումները վերանայվեն և գումարները վերադարձվեն համայնքային բյուջեներ: Մեր հրապարակումների հիման վրա տարբեր համայնքներում ավագանու որոշումները վերանայվել են, և գումարները վերադարձվել են բյուջե:

Տեղեկացնենք, որ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը  ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter