HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նորատուսցի Ալիկի» և մյուսների գործով վկաներից մեկը ոչինչ չի հիշում, իսկ երկուսի ներկայությունը դատարանում այդպես էլ չապահովվեց

«Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով վկաներից երկուսի՝ Դավիթ Հախանումյանի և Վիրաբ Գասպարյանի ներկայությունը դատարանում ապահովել հնարավոր չէ։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այսօր որոշեց հրապարակել վերջիններիս նախաքննական ցուցմունքները։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս, փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Արդեն տևական ժամանակ է` դատարանն այս գործով վկաներ Դավիթ Հախանումյանին և Վիրաբ Գասպարյանին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել, և յուրաքանչյուր դատական նիստին համապատասխան գրություն է ուղարկում ոստիկանություն, որպեսզի կատարվի բերման որոշումը։ Ոստիկանները, սակայն, յուրաքանչյուր նիստի գրություն են ուղարկում դատարան՝ հայտնելով, որ այցելել են Դավիթ Հախանումյանի և Վիրաբ Գասպարյանի բնակարաններ՝ նրան բերման ենթարկելու նպատակով, սակայն վերջիններս տանը  չեն եղել։

Այսօր ևս դատարան էին ուղարկել նույնաբովանդակ գրություններ։ Մասնավորապես՝ Դավիթ Հախանումյանի բնակարան այցելած ոստիկանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ այցելել է Հախանումյանի բնակարան, և մայրը հայտնել է, որ փետրվարի 12-ին որդին մեկնել է Մեղրի կամ Կապան:

Մեկ այլ ոստիկան էլ այցելել էր Վիրաբ Գասպարյանին պատկանող բնակարան, և վերջինիս հայրը՝ Պարունակ Գասպարյանը, հայտնել է, որ որդին գտնվում է Արցախում։ Հոր փոխանցմամբ՝ ինքը չգիտի, թե որդին Արցախում կոնկրետ ինչ հասցեում է գտնվում, նրա հետ մոտ մեկ ամիս է՝ կապ չունի։ Հայրը ոստիկաններից պահանջել էր նաև իրեն այլևս չանհանգստացնել։

Նշենք, որ  ամբաստանյալների վերաբերյալ մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը, մասնավորապես՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող, քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանին հեռացրել է գեղեցկության սրահի նկուղային հարկից, որի նպատակը եղել է հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելը, Մուշեղյանի առողջությանը վնաս հասցնելու գործընթացում հնարավոր խոչընդոտները վերացնելն ու այդ գործընթացը հեշտացնելը:

Այդպես էլ դատարան չներկայացած Գասպարյանն իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ ինքն Արա Վարդանյանի ընկերն է, դեպքի օրը պատահաբար հանդիպել է Վարդանյանին և դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին ու նրանց իր մեքենայով հասցրել Վարդանյանի ցույց տված շենքի մոտ: Խոսքը «Լիա» գեղեցության սրահի տարածքի մասին է, որտեղ, ինչպես հայտնել է Վիրաբ Գասպարյանը, ինքը հավաքված մարդիկ և մեքենաներ չի տեսել:

Դատարան չներկայացած մյուս վկայի՝ Դավիթ Հախանումյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ ինքը դեպքի օրը եղել է «Լիա» գեղեցության սրահի տարածքում, սակայն իր այնտեղ եղած ժամանակահատվածում ծեծկռտուք չի տեսել և չի լսել կրակոցի ձայներ:

Ըստ Հախանումյանի ցուցմունքի՝ ինքը ծանոթ է եղել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի հետ: Վերջինիս նրան 700 հազար դրամ գումար է պարտք եղել, հանդիպել են, այդ գումարը վերադարձնելու շուրջ զրուցել, ու Վարդանյանի որդին մեքենան վարել է դեպի «Լիա» գեղեցկության սրահի տարածք: Թե ինչ նպատակով էր Սերժ Վարդանյանը գնացել այնտեղ, վկան, ըստ իր նախաքննական ցուցմունքի, չգիտի: Հախանումյանը գրել է նաև, որ հասնելով «Լիա» գեղեցության սրահի նկուղային հարկ՝ այնտեղ հավաքված մարդիկ է տեսել, հասկացել, որ նրանք ինչ-որ հարց են քննարկում, ներս չի մտել և փոքր-ինչ այնտեղ մնալուց հետո Սերժ Վարդանյանի հետ հեռացել են:

Նշենք, որ միջադեպի առիթը, ըստ մինչ այս պահը դատարանում գործի դատաքննության ընթացքում պարզ դարձած հանգամանքների, եղել է Արա Վարդանյանի գումարը: Այս գործով վկայի կարգավիճակ ունեցող Վահագն Մանուկյանն, ըստ վկաներից ոմանց ցուցմունքների, Արա Վարդանյանին գումար է պարտք եղել, և Վարդանյանի մտերիմ Մուշեղ Մուշեղյանը փորձել է վերադարձնել գումարը:

Պետրոս Իսրայելյանի մտերիմ վկաներից Արամ Պետրոսյանը դատարանին հայտնել է, թե Մուշեղ Մուշեղյանը Վահագն Մանուկյանի 2000 դոլար պարտքի փոխարեն ցանկացել է նրանից 20 000 դոլար ստանալ, որին ինքը միջամտել է, զրուցել Մուշեղ Մուշեղյանի հետ, պայմանավորվել են հանդիպել նախ մեկ այլ վայրում, ապա հանդիպման վայրը փոխվել է ու դարձել Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը, որտեղ Պետրոս Իսրայելյանի ընկերները հաճախակի են հավաքվել: Ըստ Արամ Պետրոսյանի ցուցմունքի՝ Մուշեղ Մուշեղյանն անմիջապես ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:

Դատարանում այսօր ցուցմունք տալու էր եկել նաև վկա Ռուբեն Խաչատրյանը: Վերջինս այս գործի շրջանակներում նախկինում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, եղել է կալանավորված, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նման պայմաններում Խաչատրյանը ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունի, սակայն վերջինս այլ «մարտավարություն» էր ընտրել: Խաչատրյանը դատարան եկավ փաստաբանների հետ, հայտարարեց, որ չի հրաժարվում ցուցմունք տալ, սակայն ոչինչ չի հիշում:

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը, որը հետագայում վկայի կարգավիճակ է ստացել, ինչպես պարզվեց, մոռացել է դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք: Մեղադրողները նման հանգամանքը մեկնաբանեցին որպես ցուցմունք տալուց հրաժարում, դատարանին միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց:

Դատարանն այսօր հետազոտեց նաև գործում առկա գրավոր ապացույցները, դեպքի առթիվ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ: Ըստ գործում առկա փաստաթղթերի՝ դեպքի վայրից արյան հետքեր են հայտնաբերվել, և արյան փորձանշումների ԴՆԹ-ները համապատասխանում են  Մուշեղ Մուշեղյանին և Գևորգ Ավետիսյանին բնորոշ ԴՆԹ-ներին:

Հրապարակված փորձաքննության համաձայն՝ Մուշեղ Մուշեղյանի մահվան պատճառը որովայնի շրջանում ստացած կտրող-ծակող և հրազենային վնասվածքներն են:

Նշենք, որ գործում առկա են նաև իրեղեն ապացույցներ և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, որոնք կհրապարակվեն հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter