HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը «Դատապարտյալների հիվանդանոցից» նամակ է ուղարկել դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր կաշառք ստանալու մեջ մեղադրվող  դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ դատական նիստ, որը սակայն, հերթական անգամ հետաձգվեց ամբաստանյալ Բարսեղյանի բացակայության պատճառով:

2018-ի հունվարի 31-ից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Իշխան Բարսեղյանը դատարան գրություն էր ուղարկել՝ հայտնելով իր մի շարք հիվանդությունների մասին, ու դատարանին տեղեկացնելով, որ դրանց դեմ հիվանդանոցում բուժում է ստանում: Իշխան Բարսեղյանը դատարանից խնդրել էր դատական նիստը հետաձգել 20-ից 25 օրով, մինչև կավարտվի այն բուժման կուրսը, որը ստանում է հիվանդանոցում:

Իշխան Բարսեղյանը հայտնել էր նաև, որ ինքը ոչ թե չի ցանկանում, այլ ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին, ինչպես նաև նշել, թե չի հասկանում դատավորի շտապողականությունը` այս գործով դատական նիստերն անցկացնելու հարցում:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանի վերաբերյալ դատական նիստերը նշանակվում են շաբաթական մեկ անգամ, ու թեև ամբաստանյալը հայտնում է, որ այժմ առողջական խնդիրներ ունի, չի կարող մասնակցել նիստին, յուրաքանչյուր նիստից հետո հաջորդ նիստը նշանակվում է նույն գրաֆիկով ու հետաձգվում:

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմից ևս գրություն էր ուղարկվել դատարան, որում ասված էր, որ Իշխան Բարսեղյանն ինքնուրույն տեղաշարժվում է, հոգում կարիքները և ռեանիմացիոն հիվանդ չէ: Գրության մեջ ասված էր նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» կալանավորների տեղափոխումը խորհուրդ չի տրվում բացառիկ դեպքերում:

Այս գրության մեջ, սակայն, նշված չէր, թե Բարսեղյանի բուժումը որքան ժամանակ կտևի, ինչպես նաև չկար մասնագետի կողմից տրված փաստաթուղթ, որը կհավաստեր, որ ներկա առողջական վիճակով Բարսեղյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերի:

Նկատի ունենալով վերը նշվածը՝ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, բայց ոչ թե 20-25 օրով, ինչպես դիմումում գրել է Իշխան Բարսեղյանն, այլ մեկ շաբաթով: Դատախազն առաջարկեց նաև գրություն ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» և պարզել, թե Բարսեղյանի բուժումը որքան կտևի, ինչպես նաև, թե արդյոք դատավորն ի վիճակի՞ է մասնակցել դատական նիստերին:

Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Դատավորը, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:

Այսօրվա դատական նիստին Էլզա Զաքարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ եթե դատական նիստերը շարունակվեն հետաձգվել, ապա ինքը կմիջնորդի, որպեսզի իր պաշտպանյալի մասն անջատվի գործից:

Դատարանը մեկ շաբաթով հետաձգեց դատական նիստը:

Նշենք, որ Բարսեղյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ Բարսեղյանը շարունակում է համարվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, վերջինիս աշխատավարձը շարունակում է փոխանցվել: Ավելին, վերջերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ աշխատում էր Իշխան Բարսեղյանը, դարձել է քրեական գործերով դատարան: Ուստի Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ Շենգավիթի քաղաքացիական գործերով դատավոր Իշխան Բարսեղյանը տեղափոխվել է Արաբկիրի քաղաքացիական դատարան:

Լուսանկարում՝ դատավոր Վաչե Մարգարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter