
Փորձաքննությունը հաստատել է՝ Lutik-ի մեջ որդեր են եղել
Օրերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք մեր ընթերցողների ահազանգերը` սննդի որակի վերաբերյալ:
Դրանցից էին մասնավորապես՝ որդանման գոյացություն պարունակող մարինացված Lutik վարունգները, որոնց մի մասը հրապարակման հաջորդ օրը մեր ընթերցողի՝ Էլեն Գրիգորյանի համաձայնությամբ, ներկայացվել էր փորձաքննության «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում:
Այսօր մենք ստացանք այդ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հաստատվեց, որ վարունգի մեջ եղած օտարածին մարմինները որդեր են եղել:
Սրանով իսկ մարինացված վարունգի նմուշը փորձագիտական եզրակացությամբ գնահատվել է՝ ոչ պիտանի սննդում օգտագործելու համար, և ըստ այդմ՝ հետագա փորձարկումներն արդեն չեն շարունակվել:
Էլեն Գրիգորյանը «Հետք»-ին պատմեց, որ Lutik-ի վաճառքի տնօրենն իր հետ կապ է հաստատել և նույն նմուշից վերցրել՝ սեփական փորձաքննության համար: Վերջինս նաև նշել է, որ իրենց ընկերությունը հանդիսանում է ապրանքը ներկրող, հետևաբար պետք է կապ հաստատել նաև այն արտադրողի հետ:
Էլենը նաև ասաց, որ նույն սուպերմարկետում Lutik ապրանքանիշի մթերքները երեկվա դրությամբ դեռ շարունակում են վաճառել, բայց արդեն՝ զեղչված:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նշված դեպքը գրանցել էր որպես ահազանգ հրապարակման հենց նույն օրը: Այսօր ՍԱՊԾ-ից Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց աշխատակիցները եղել են նշված «Կայզեր» խանութում, նույն խմբաքանակի մարինացված վարունգի 3 նմուշ են տեղում բացել, կտրատել, սակայն որևէ բան չեն հայտնաբերել:
Նա նաև նշեց, որ Lutik-ին ՍԱՊԾ-ից հանձնարարական է տրվել արտադրող ընկերության հետ կապ հաստատել՝ դեպքը պարզելու և մանրամասները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ մարինացված վարունգի արտադրողը Հնդկաստանում գտնվող «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունն է:
Մեկնաբանել