HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

14 տարի անց. Գրիշա Վիրաբյանի գործով երկու ոստիկաններ ենթարկվում են քրեական պատասխանատվության

2004թ. ապրիլյան հանրահավաքներին մասնակցելու և նախագահական ընտրությունների իրադարձություններին ցուցաբերած ակտիվության համար Արարատի մարզի ոստիկանության կողմից ծեծի  ենթարկված  Գրիշա Վիրաբյանի գործով երկու ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու գործն արդեն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Արմեն Արսենյանը 2004թ. ապրիլի 23-ի դրությամբ զբաղեցրել է ոստիկանության, Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի պաշտոնը: Այսօր նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Ըստ մեղադրանքի՝  դիտավորությամբ կատարել են բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Արսենյանը, 2004թ. ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, գտնվելով ոստիկանության Արտաշատի բաժնի վարչական շենքում, տեղեկացել է, որ հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել մարզի բնակիչ Գրիշա Վիրաբյանը: Վերջինիս կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի շրջանակներում բաժնի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող քրեական հետախուզության բաժանմունքի հինգերորդ աշխատասենյակում բանավեճ է տեղի ունեցել նրա ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի միջև:

Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ ընթացքում Գրիշա Վիրաբյանը աշխատասենյակի սեղանի վրա դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել ու վնասել է Հովհաննես Մովսիսյանի աջ աչքը: Գրիշա Վիրաբյանի նշված գործողության համար վրեժխնդիր լինելու անձնական շարժառիթով և մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, Արմեն Արսենյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի հետ, բռնություն գործադրելով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, բաժնի աշխատասենյակներից մեկում ծեծի են ենթարկել նրան: Ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ամորձիներին և մարմնի այլ մասերին՝ Գրիշա Վիրաբյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք:

Այս դեպքում ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով նախատեսված հիմքեր չեն ունեցել և ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից: Բացի այդ, նախաքննական մարմինը պարզել է, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցները չեն ունեցել նաև ֆիզիկական ուժ գործադրելու լիազորություն:

Արմեն Արսենյանի և Հովհաննես Մովսիսյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել նրա իրավունքներին ու օրինական շահերին: Այն է՝ խախտվել է Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին, քանի որ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը:

Արմեն Արսենյանի և Հովհաննես Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Նրանց նկատմամբ ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012 թ. հոկտեմբերի 2-ին ընդդեմ Հայաստանի վճիռն էր կայացրել, որով հիմնավորվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով  նախատեսված՝ Գրիշա Վիրաբյանի իրավունքների խախտման փաստերը:

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արձանագրել էր, որ Գրիշա Վիրաբյանի գործի եւ դատարանում բողոքի քննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել խոշտանգումների ենթարկելու առնչությամբ, խախտվել է անմեղության կանխավարկածը, չի իրականացվել արդյունավետ քննություն՝ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառված խոշտանգումների կիրառման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայությունը պարզելու ուղղությամբ:

ՄԻԵԴ-ը նշել էր նաև, որ Վիրաբյանի գործով իրավապահ մարմիններին և դատարանին չի հաջողվել իրականացնել հետաքննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունեցող բժշկական ապացույցների` համապատասխան ժամկետներում, պատշաճ և օբյեկտիվ հավաքում եւ գնահատում։ Արդյունքում վատ վերաբերմունքի մասին Գրիշա Վիրաբյանի պնդումների առումով ձեռնարկված հետաքննությունը եղել է անարդյունավետ, ոչ պատշաճ և միանգամայն թերի: Դրանով հնարավոր չի եղել տալ հավաստի եզրակացություններ և արձանագրել գործի փաստերը: Մարմինները չեն գործել բավականաչափ բարեխղճորեն, և չի կարելի ասել, որ մտադրված են եղել բացահայտելու և պատժելու հանցագործներին:

Հետագայում գործի նախաքննությունը հանձնարարվել էր Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն նախկին համայնքների դատախազությանը եւ Գ. Վիրաբյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նա մեղադրվում էր ոստիկանության աշխատակցի աջ աչքին հարվածելու եւ նրա առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Էրեբունի եւ Նուբարաշեն նախկին համայնքների դատախազության քննիչը Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակել էր որպես անհրաժեշտ պաշտպանություն և 2004 թ. օգոստոսի 11-ին որոշում էր կայացրել ոստիկանների մասով գործի վարույթը կարճելու մասին: Իսկ օգոստոսի 30-ի որոշմամբ կարճվել էր նաեւ Գ. Վիրաբյանի մասով քրեական գործի վարույթը` ստացված վնասվածքների հետևանքով կրած զրկանքների հիմքով:

Նշենք, որ ՄԻԵԴ որոշումով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ բռնություն կիրառողներից մեկն էլ եղել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ում հետ Գ. Վիրաբյանը պետք է առերեսվեր, սակայն Կարապետյանը հրաժարվել է:

Մեկնաբանություններ (1)

ՆԱԻՐԱ
Դժոխքի վեր ածած հայրենիք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter