HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. կլինի հանրային քննարկում

Մարտի 7-ին Կապանի համայնքապետարանում տեղի է ունենալու հանրային քննարկում, որը վերաբերում է «Սյունիք» օդանավակայանի ուղեւորային համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին:

«Սյունիքը» Կապանի վերանվանված օդանավակայանն է, որի վերագործարկումը նախատեսվում է առաջիկա հունիսին: Ներկայում օդանավակայանի տարածքում շինարարություն է ընթանում: Ինչպես հայտնի է, Կապանի համայնքապետարանն օդանավակայանը 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որն էլ ներկայացրել է վերը նշված նախնական գնահատման հայտը:

Ըստ կարգի՝ կենցեսիոները համայնքի ղեկավարից 2017-ի սեպտեմբերին ստացել է ճարտարապետահատակագծային (ՃՀ) առաջադրանք: Ուղեւորային համալիրի նախագիծը կազմել է «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինտիտուտ «Տրանսնախագիծ»» ՓԲԸ-ն: Օրենսդրության համաձայն՝ այս համալիրը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության: Անհրաժեշտ փաստաթղթերը կազմելուց, այդ թվում՝ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննական դրական եզրակացություն ստանալուց հետո կոնցեսիոները կրկին պետք է դիմի Կապան համայնքի ղեկավարին՝ ստանալու արդեն շինարարության թույլտվություն:

Այդուհանդերձ, համալիրի հիմքի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են, ինչը հուշում է լուսանկարը:

Ուղեւորային համալիր. ի՞նչ է լինելու այստեղ

Նախկինում Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրը եղել է Երեւան-Կապան-Մեղրի ավտոմայրուղու աջ կողմում՝ ճանապարհից ավելի բարձր նիշի վրա, իսկ նոր համալիրը կառուցվելու է թռիչքուղու անմիջական հարեւանությամբ՝ մայրուղուց ավելի ցածր տարածքում:

Սրա վերաբերյալ հայտատուն նշել է. «Քաղաքաշինության տեսանկյունից օդանավակայանի ուղեւորային համալիրի շենքը տեղադրվել է սուղ եւ համարյա ոչ այլընտրանքային պայմաններում: Ուղեւորային համալիրի տեղադրման տեղի ընտրությունը հիմնականում թելադրվել է գոյություն ունեցող թռիչքուղու եւ կառամատույցի առկայությամբ: Շենքի տեղի ընտրության հարցում մեծ դերակատարում է ունեցել նաեւ թռիչքուղու եւ կառամատույցի տակով անցնող եւ ներկայումս գործող Կապան քաղաքի կոյուղու քաղաքային կոլեկտորը»:

Հայտում ասվում է, որ «Կապանի օդանավակայանի վերակառուցման ծրագիրը սոցիալական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունի մարզի զարգացման համար, այդ թվում՝ կրճատելով մարզկենտրոնից դեպի մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ ճանապարհի տեւողությունը, բարձրացնելով մարզի ներդրումային գրավչությունը, ինչպես նաեւ խթանելով զբոսաշրջության զարգացումը»: Օդանավակայանը ծառայելու է տեղական օդային գծերին, այսինքն՝ միջազգային չվերթներ չեն կատարվելու: Այս առիթով գրել ենք, որ նման իրավունք Կապանի աերոդրոմն ուղղակի չունի, քանի որ միջազգային փոխադրումների սպասարկման ոլորտը մոնոպոլիզացված է: Նախատեսվում է օրական իրականացնել առավելագույնը 2 չվերթ՝ 35-50 ուղեւորի ներգրավմամբ:

Համալիրի շենքը թեւերի մասում լինելու է միահարկ (բարձրությունը՝ 5,2 մ), իսկ կենտրոնական հատվածում՝ երկհարկանի (9,8 մ): Առաջին հարկում լինելու են սպասասրահը, հաշվառման ու հսկման տարածքները, մեկնման ու ժամանման սպասասրահները, բեռների մշակման ու սննդի կազմակերպման տարածքները, բեռների եւ փոստի պահեստը, նաեւ աշխատասենյակներ, ոստիկանություն, մոր եւ մանկան սենյակ, բուժկետ, սանհանգույց: Երկրորդ հարկում լինելու են աշխատասենյակներ, հանգստի սենյակ: Երկրորդ հարկից նախատեսվում է մուտք դեպի դիտման տարածք, որը թռիչքուղու տեսանելիությունն ապահովելու նպատակով տեղակայված է համալիրի ամենաբարձր հատվածում:

Օժանդակ ծառայությունների համար համալիրի հարեւանությամբ նախագծված է նկուղ, որի վրա տեղադրվելու են էլեկտրական ենթակայանը եւ դիզել ագրեգատը:       

Օդանավակայանի շրջակա ֆլորան եւ ֆաունան        

Ըստ կենցեսիոների հայտի՝ Ողջի գետի ավազանում, որտեղ գտնվում է օդանավակայանը, չկան Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված բուսատեսակներ: Փոխարենը դրանցից մեկը՝ խոշորասպի ձագախոտը (Erysimum macrostigma, Erysimum wagifii), ներառված է Հայաստանի Կարմիր գրքում, համարվում է վտանգված տեսակ, տնտեսական գործունեության պատճառով դրան սպառնում է անհետացում (ներկայացված հայտում այս մասին նշված չէ, միայն գրված է, որ էնդեմիկ է Հարավային Ադրկովկասում, իսկ Զանգեզուրում նոր տեսակ է):

Կենդանական աշխարհի վերաբերյալ էլ հայտում նշվում է, որ ողնաշարավորներից ԲՊՄՄ Կարմիր ցուցակում կամ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ չկան, իսկ անողնաշարավորներից առանձնացված են Հայաստանի համար էնդեմիկ բզեզների 2 տեսակ՝ Dibolia zangezurica (տերեւակերների ընտանիքից) եւ Coccidula lithophiloides (քարասեր զատիկ, զատիկների ընտանիքից): Անողնաշարավորներից ԲՊՄՄ Կարմիր ցուցակում եւ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են կպչուկի իլիկաթիթեռը (Hyles hippophaes) եւ մնեմոզինան (Parnassius mnemosyne):   

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը

««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի հայտում նշվում է, որ ուղեւորային համալիրի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կապված է հիմնականում հետեւյալ աշխատանքների հետ. փորում եւ բեռնում, հողային զանգվածի տեղափոխում, շինտեխնիկայի շահագործում, բետոնային աշխատանքներ:

Ռիսկերն ու ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Կենսաբազմազանության մասով, օրինակ, ասվում է. «Ցամաքային կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով ամենաինտենսիվ շինարարական աշխատանքները կիրականացվեն ձվադրման եւ բնադրման ժամանակաշրջանից դուրս (գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներ), իսկ այնուհետ՝ շինարարական աշխատանքների ընթացքում, վախի գործոնը կենդանիներին կստիպի որոնել առավել հուսալի կացարաններ եւ նրանք կհեռանան կից՝ շատ ավելի մեծ մակերեսներ եւ նման պայմաններ ունեցող մերձ տարածքներ, ինչի շնորհիվ կենդանիներին հասցվող վնասը կհասցվի նվազագույնի: Շինարարության ընթացքում հնարավոր բացասական ազդեցությունները կլինեն ժամանակավոր, կարճատեւ եւ կազդեն աննշան տարածքների ներկայացուցիչների վրա»:           

Դատելով տարվող աշխատանքներից ու մարզային իշխանությունների ակտիվությունից՝ փորձաքննական դրական եզրակացություն եւ շինթույլտվություն ստանալն ամենեւին խնդիր չի լինելու, ու արդեն հունիսին Կապանի օդանավակայանը երկար դադարից հետո պատրաստ է լինելու ընդունել իր առաջին ուղեւորներին:  

Լուսանկարը՝ srdif.am-ի, էսքիզները՝ հայտից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter