
Արփինե Հովհաննիսյան․ վարչապետի ընտրությունը չի կարող գաղտնի քվեարկությամբ լինել
Ըստ նոր սահմանադրության և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ վարչապետի ընտրությունը միակ բարձրաստիճան պաշտոնյայի ընտրությունն է, որը ընթանալու է անվանական քվեարկությամբ, այսինքն՝ պատգամավորների քվեարկությունը բաց ու տեսանելի է լինելու բոլորի համար, ինչպես ցանկացած օրենսդրական նախաձեռնության դեպքում է: Նկատենք, որ հանրապետության նախագահի, բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, Վճռաբեկ դատարանի դատավորների, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կատարվում է փակ-գաղտնի ընթացակարգով: Հիշեցնենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամների փակ-գաղտնի քվեարկությունից հետո վիճաբանություն սկսվեց խորհրդարանում ՀՀԿ-ականների և Ելք-ականների միջև, քանի որ ըստ Ելք-ի արդյունքները կեղծվել են:
Այս հարցերի շուրջ «Հետքը» մեկնաբանություն է խնդրել ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանից:
-Տիկին Հովհաննիսյան, ինչու՞ է Սահմանադրությամբ վարչապետի ընտրությունը անվանական և ոչ թե փակ գաղտնի քվեարկությամբ։ Արդյոք նման կարգը չի կաշկանդի պատգամավորներին։
-Այն, որ վարչապետի ընտրությունը անցկացվում է անվանական քվեարկությամբ լիովին համահունչ է խորհրդարանական կառավարման ձևի սկզբունքներին։ Սրա նպատակն է երաշխավորել, որպեսզի պատգամավորներն իրենց ընտրողներից ստացած մանդատը իրականացնեն հրապարակայնորեն, հանրության համար տեսանելի եղանակով։ Ընդ որում այս մոդելն է ընտրվել, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Գերմանիայում գործում է գաղտնի քվեարկությունը, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տալիս։ Բացի այդ չպետք է մոռանալ, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ վարչապետ է նշանակվում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնության թեկնածուն, ինչը վարչապետի ընտրությունը դարձնում է առավել թափանցիկ։
Այս պարագայում հանրությունը պետք է ականատես լինի, թե ինչպես են ընտրում իր քվեն ստացած պատգամավորները երկրի ղեկավարին։ Այլ կերպ ասած, երբ խորհրդարանական մեծամասնությունը քվե է ստացել ժողովրդից, ապա որպես թիմ պետք է բացահայտ դիրքորոշում արտահայտի վարչապետ ընտրելու հարցում, այսինքն ՝չի կարող գաղտնի քվեարկությամբ որոշել իրացնում է այդ քվեն, թե ոչ։
-Արդյոք հնարավո՞ր է փոփոխություններ նախատեսել Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամների, նախագահի ընտրության արդյունքները լրագրողների մասնակցությամբ հաշվարկելու կարգ։
-Այս պահին չեմ կարող ասել նման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու, կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ:
Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ գրությունը և դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին: Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել