
Կապանի «Լեռնահարստացման կոմբինատ»-ում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Երեկ Կապանի «Լեռնահարստացման կոմբինատ»-ի ստորգետնյա հանքում տուժած հանքափորները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, նրանց առողջական վիճակը կայունացել է: Այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ Սերգեյ Գասպարյանը:
«Առողջական վիճակները լավացել է, դուրս են եկել կրիտիկական վիճակից, դուրս են գրվել բժշկական կենտրոնից՝ հետագա պլանային հսկողությունը կկատարվի ամբուլատոր պայմաններում»,-նշեց անեսթեզիոլոգը։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մարտի 2-ին՝ ժամը 02:12-ին, ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ Կապանի «Լեռնահարստացման կոմբինատ»-ի ստորգետնյա հանքում տուժել են հանքի աշխատակիցները։ Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել էին ապարաբարձիչ մեքենայի վարորդ, 24-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ով հետագայում պարզվել է՝ մահացած է։ Եղել են նաև երկու տուժածներ՝ հանքի բեռնատարի վարորդ Պողոս Ալեքսանյանը և լեռնային վարպետ Կարո Կարապետյանը։ Նրանց մոտ ախտորոշվել էր էկզոգեն թունավորում։ Նրանք տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Տուժածների մոտ ախտորոշվել է գազային թունավորում, սակայն կոնկրետ, թե որ գազից են թունավորվել, Գասպարյանը ասաց՝ հստակ նշել չի կարող։ Անեսթեզիոլոգի փոխանցմամբ՝ այս պահին տուժած հանքափորների կյանքին վտանգ չի սպառնում։
Հավելենք՝ առավոտյան քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ։
Մեղադրանքի հաստատման դեպքում օրենքով սահմանվում է ազատազրկում՝ առավելագույնը տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մեկնաբանել