
Կառավարությունն առաջարկում է «Ազգային հերոս» կոչումը փոխարինել «Հայրենիքի շքանշանով պարգևատրված»-ով
Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծում փոփոխություներ կատարելու հարցը, որով նախագահն անուղղակիորեն զրկվելու է պետական պարգևներ շնորհելու իրավունքից։ Նախագծի առանցքային փոփոխություններից է նաև այն, որ «Ազգային հերոս» կոչումը փոխարինվում է «Հայրենիքի շքանշանով պարգևատրված» տերմինով, այս կոչմանն արժանացած անձն էլ հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս։
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած» բառերը փոխարինել «հայրենիքի» բառով»,- ասված է նախագծում։
Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ նախագծում առաջ քաշված դրույթները սահմանադրության փոփոխությամբ են պայմանավորված։
«Առաջարկում ենք շքանշանների, մեդալների և կոչումների պարգևատրման կարգը սահմանել օրենքով, սահմանել նաև այդ պարգևների ձևերը և տեսքը։ Նախատեսվել է նաև այն, որ հանրապետության նախագահին պետական պարգևի կոչում շնորհելու համար միջնորդություն անելու իրավունք ունեն օրենսդիր, գործադիր իշխանությունների ղեկավարները, ՍԴ և ԲԴԽ նախագահները»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ միջնորդությունները ներկայացնելուց հետո նախագահը համապատասխան ընթացակարգով շնորհում է պարգևները։
Փոխնախարարն անդրադարձավ հարցի քննարկմանը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ԱԺ մշտական հանձնաժողովում և պատգամավորների դժգոհությանը, որ ազգային հերոս բարձրագույն կոչումն ըստ էության այլևս չի լինելու։ Վերջինիս հավաստիացմամբ՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս ազգային հերոսի կոչմամբ պարգևատրում կատարել, նշվում է միայն մեդալներն ու շքանշանները, սակայն ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հարցին անդրադառնալ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով արձագանքեց և հղում կատարելով Սահմանադրությանը՝ հիշեցրեց, որ հանրապետության նախագահի լիազորություններից է պետական պարգևներ և կոչումներ շնորհելը, սակայն ըստ այս նախագծի նախագահը զրկվելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից։ Արթուր Հովհաննիսյանը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, սակայն հղում կատարեց Սահմանադրության 139 հոդվածին, որով էլ, վերջինիս հավաստմամբ, կարգավորվում է այս հարցը։
Մեկնաբանել