
Ընտրական գործընթացին ծանոթանալու համար Նորամարգի ընտրատեղամաս է եկել Մասիսի քաղաքապետը
Ժամը 14:00-ի դրությամբ Նորամարգի 11/06 ընտրատեղամասում ընտրել է 471 քաղաքացի: Ընտրատեղամասում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 1606 անձ:
Ընտրողների հոսքը դեպի ընտրատեղամաս շարունակում է աճել: Նրանք ընտրատեղամաս են մուտք գործում հերթով՝ ոստիկանների թույլտվությամբ:
Հանձնաժողովը որևէ խախտում չի գրանցել, միայն շատ են ընտրելու կարգը չիմացող քաղաքացիները, որոնց հաճախ հանձնաժողովի անդամներն են ընտրակարգը բացատրում՝ մինչեւ քվեախցիկ մտնելը: Ընտրատեղամասի դիմաց անընդհատ կուտակումներ են։
Հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանն այդ հանգամանքը պայմանավորում է առաջադրված թեկնածուների քանակով, որոնցից ամեն մեկն ունի իր վստահված անձը: Կոնջորյանն ասում է`այլ ընտրատեղամասերի անդամների հետ ևս խոսել է, սակայն նրանց մոտ քվերակողների թիվն այդքան շատ չէ եւ մասնակցության նման ակտիվություն չկա: Այլ համայնքներում եւս Կոնջորյանը ընտրական հանձնաժողովի կազմում եղել է, սակայն խոստովանում է, որ Նորամարգում ընտրություններն ավելի ակտիվ են, քան մի շարք քաղաքներում կայացածները:
Ընտրական գործընթացին ծանոթանալու համար 13:00-ի սահմաններում ընտրատեղամաս եկավ նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Քաղաքապետը մտավ ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովի անդամը նրան տեղեկացրեց, որ ընտրական գործընթացն ըստ կարգի է անցնում, եւ որևէ խախտում չի արձանագրվել:
Մեզ հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ առավոտից շրջում է ընտրատեղամասերով։ Նորամարգը քաղաքապետի այցելած հինգերորդ համայնքն էր։
Քաղաքապետն ասում է, որ համակրում է Նորամարգի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներին։ Թեկնածուներից երկուսը կանգնած էին ընտրատեղամասի բակում, եւ քաղաքապետը նրանց հրավիրեց, որ իր կողքին կանգնեն: Համբարձումյանը հույս ունի, որ նոր գյուղապետը կկարողանա համայնքում առկա խնդիրները կարգավորել՝ ներդրումներ ներգրավելով եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով: Նա Նորամարգում կարեւորում է ասֆալտապատման հարցը և վստահ է, որ նախկին գյուղապետի պաշտոնավարումից 22 տարի անց, Նորամարգում փոփոխություններ կլինեն, քանի որ համայնքում ակտիվ երիտասարդություն կա, միայն անհրաժեշտ է նրանց մոբիլիզացնել։
Մեկնաբանել