
Մեծամորի համայնքապետ. «Մարդիկ ցախով ու աթարով են լողանում, ամոթ էլ է, էս որ թիվն է»
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Էդվարդ Միրզոյանը երրորդ անգամ է ցանկանում համայնքապետ ընտրվել: Համայնքապետի ընտրություններն այսօր են, Էդվարդ Միրզոյանը միակ թեկնածուն է: Ասում է, որ չի ձանձրացել իր աշխատանքից, սակայն ասում է, որ համայնքում կան մի շարք չլուծված հարցեր, որոնց համար «արդեն ամաչում» է աշխատել:
Մեծամոր համայնքը գազաֆիկացված չէ: Խորհրդային տարիներին գազի գլխավոր խողովակները հասցրել են համայնք, սակայն դրանով սահմանափակվել են: Մինչ օրս այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել:
Էդվարդ Միրզոյանը
«Մարդիկ ցախով ու աթարով են լողանում, ամոթ էլ է, էս որ թիվն է: Մեր գյուղից արտագաղթ չկա, բայց որ այսպես շարունակվի մարդիկ կգնան: Գոնե կգնան հանգիստ կլողանան: Բաղնիք չունեն, կրակ են անում չայնիկով լողանում են, սա ինչ վիճակ է: Սուտասան եմ դարձել, անընդհատ ասում եմ գազ կլինի ու չի լինում, համագյուղացիներս էլ ինձ չեն վստահում»,-ասում է Էդվարդ Միրզոյանը:
Վերջինս առաջարկել է համապատասխան կառույցներին գյուղը գազաֆիկացնել, քանի որ շահավետ ներդրում է լինելու բոլոր կողմերի համար: Մեծամորում գյուղացիները հիմնականում զբաղվում են ջերմատներում բանջարեղենի մշակությամբ: Ձմռան ամիսներին դրանք ջեռուցել է պետք: Միրզոյանի խոսքերով՝ միայն իրենց գյուղը, որն ունի 300 տնտեսություն իր 1400 բնակչով, ամսական 15 մլն դրամի էլեկտրաէներգիա է ծախսում:
«Եթե մեր գյուղ և տարածքում գտնվող Հայկաշեն, Արաքս համայնքները գազաֆիկացնեն, 6 ամսում ներդրումը կհանեն, սպառումը շատ է, ջերմատները շատ են»,-հավելեց համայնքապետը:
Մեծամորը նաև մանկապարտեզ չունի: Շենքը կա, համայնքն իր միջոցներով տանիքը փոխել է, սակայն գործարկել չի հաջողվում, գումարներ չունեն: Մանկապարտեզը նախատեսված է մոտ 80 երեխայի համար: Մեծամորցիները ստիպված իրենց երեխաներին տանում են հարևան գյուղերի մանկապարտեզներ, ինչը դժվարություններ է առաջացնում: Կատարվել է նախահաշիվ, շենքն ամբողջությմբ վերանորոգելու համար 50 մլն դրամ է անհրաժեշտ, սակայն համայնքապետարանն այդքան գումար չունի:
«Ճանապարհների վիճակը էլի ոչինչ, կառավարությանը չեմ ուզում շատ նեղություն տամ: Բայց գազաֆիկացման ու մանկապարտեզի հարցը շատ լուրջ է»,-նշում է Է. Միրզոյանը:
Համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք, եթե համայնքի միջոցները սուղ են, ապա ինչ ծրագրեր են կարողացել իրակաանցվել վերջին տարիներին: Էդվարդ Միրզոյանը մի քանիսը թվարկեց. խճապատել են գերեզմանատան տարածքը, վերանորոգել են կամուրջները, սգո սրահ են կառուցել, այնտեղ են հոգեհաց տալիս, կառուցել են նաև կանգառներ: Միրզոյանի խոսքերով՝ համայնքային բյուջեն մոտ 25 մլն դրամ է, շատ բան անել չեն կարող:
Գյուղի միակ ընտրատեղամասում Էդվարդ Միրզոյանի վստահված անձը կինն էր՝ համայնքի ավագանու անդամ Վարդուհի Միրզոյանը:
«Որ այսօր ասում ենք ընտրություն ա, ժողովուրդը նույնիսկ չի էլ ցանկանում դրա մասին լսել: Ամեն անգամ ընտրություններին ասում ենք՝ լավ կլինի, 2018թ. գազ կունենանք գյուղում, բայց ժողովուրդը հիասթափված է: Ասում են՝ հա, ընտրության կգանք, բայց շատ հիասթափված են, արդեն չեն հավատում»,-ասում է Վարդուհի Միրզոյանը:
Տիկնոջ ասելով՝ շատ է ափսոսում այս ամենի համար, քանի որ իրենց գյուղացիները աշխատող են, սակայն արդյունքի չեն հասնում:
«Այս գյուղերին գազն անհրաժեշտ է, որ բույս աճեցնեն: Սա է ժողովրդի ապրուստի միջոցը, գոնե ժողովուրդն իր ուժերով, իր աշխատանքով արդյունքի հասնեն: Չենք ասում բրեք, մենք նստենք, մեզ պահենք, ասում ենք՝ պայման ստեղծեք, որ աշխատենք»,-հավելեց Վ. Միրզոյանը:
Ընտրատեղամասից մի տարեց մարդ դուրս եկավ՝ քթի տակ խոսելով: Ասաց, որ դեմ է քվեարկել համայնքապետին: Նա չցանկացավ անունը հրապարակել, քանի որ վաղը «իրեն կուտեն», սակայն բացատրեց, թե ինչու է այդ քայլին գնացել:
«Գիտեմ, որ գյուղապետի ձեռը չի գազ քաշելը, մեծ ծախսերի հետ ա կապված, բայց գյուղապետը պիտի լեզու ունենա, գնա դրանց կոկորդից բռնի, որ գազ քաշեն: Էսքան ժամանակ ոչ մի բան չի արել, որ գազը մտնի գյուղ, ինչի՞ ընտրեմ: Վրես կրակ ա լցվում, որ թոռներս թեշտի մեջ են լողանում, որ դպրոց էթան: Գոնե սարի գյուղում ապրենք կմտածեի, որ պայմանն էս ա, բայց Արարատյան դաշտում ենք, երկրի կենտրոնում: Խայտառակություն ա, էս ինչ վիճակ ա»,-դժգոհեց նա:
Արդեն տեղեկացրել ենք, որ այս ընտրություններն աչքի ընկան պասվութամբ: Մինչև ժամը 14-ը գրեթե մարդ չէր գալիս տեղամաս: Միակ թեկնածուի հարազատները համոզելով են մարդանց բերում ընտրության, որ «ամոթով չմնան»:
Մեկնաբանել