
Նորամարգի դպրոցի ուսուցիչն ընտրվեց համայնքապետ
Նորամարգը 22 տարի անց նոր գյուղապետ ունի։ Երեկ կայացած ընտրություններով գյուղապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը։ Թադևոսյանի օգտին քվեարկել է 989 ընտրողից 391-ը։
Հիշեցնենք, որ 1996 թվականից համայնքը ղեկավարում էր ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը, որն այս ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել առողջական խնդիրների պատճառով։
Կուսակից մյուս թեկնածուն՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ, ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, Թադևոսյանից 9 ձայն պակաս է հավաքել:
Երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Արսեն Ղահրամանյանը, հավաքել էր 182 ձայն։
Երեկ քվեարկությանը մասնակցող նորամարգցիները հույս էին հայտնում, որ նոր համայնքապետի պաշտոնավարման ժամանակ, ի վերջո, գյուղի ճանապարհները կասֆալտապատվեն, գյուղը կգազաֆիկացվի, խմելու ջուր կունենան և պարտադրված չեն լինի օգտվել արտեզյան հորերի ջրերից։
Նշենք, որ Նորամարգում քվեարկության իրավունք ուներ 1606 անձ։ Նրանցից քվեարկությանը մասնակցել է 989-ը կամ ընտրողների 61.58%-ը։ Երեկ, ժամը 20։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ մասնակցության այս ցուցանիշը մարտի 11-ի ընտրությունների երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ Դեբետ համայնքից հետո։
Մեկնաբանել