Երեւանի կենտրոնում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված անձը հայտնել է, որ վրաերթն ինքն է կատարել
Մարտի 10-ին Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահված ելքով վթարի գործով մեկ ձերբակալված անձ կա: Այս մասին «Հետք»-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն` 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ.), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Դեպքից հետո պարզվեց, որ վթարի մասնակից մեքենան հաշվառված է «Մարիանա» ընկերության անունով, դրանում հայտնաբերվել է ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդու՝ Ժորա Վարդանյանի վարորդական վկայականը: Ժորա Վարդանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է:
Սոնա Տռուզյանի խոսքով՝ մարտի 11-ին, ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանություն է ներկայացել մի անձ և հայտնել, թե վրաերթն ինքն է կատարել:
«Նախաքննությունը շարունակվում է, բազմակողմանի քննություն է տարվում՝ նրա հայտնած հանգամանքները ստուգելու և օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, այն է՝ համապատասխանաբար «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»:
Թեև մեքենան այս կամ այն կեպ առնչվում է Ժորա Վարդանյանին, իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանություն ներկայացած անձը Ժորա Վարդանյանը չէ:
Դեպքից հետո մամուլում լուր տարածվեց այն մասին, թե վրաերթի մասնակից մեքենայում իրավապահները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, որը հաշվառված է եղել Ժորա Վարդանյանի անունով:
Տռուզյանը մեզ հետ զրույցում հերքեց մեքենայում «Մակարով» հայտնաբերելու մասին տեղեկությունը: Ըստ նրա` մեքենայում հայտնաբերվել է գազային ատրճանակ, որն օրենքով սահմանված կարգով գրանցված է եղել:
Թե ում անունով է գրանցված գազային ատրճանակը, այս պահին մեզ հայտնի չէ:
Մեկնաբանել