HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Գրիգոր Եղյան

սկիզբը

Գրիգոր-Հովհաննես Հակոբի Եղյանը ծնվել է 1926 թ., Երուսաղեմում: Նրա իսկական ազգանունը Եղյայան է, բայց քրեական գործի նյութերով անցնում է որպես Եղյան։ Նա վարդապետ էր, ստացել էր փայլուն կրթություն՝ անգլերենի մասնագետ էր, իր ժամանակի ամենազարգացած եւ բազմակողմանի հետաքրքրությունների տեր մարդկանցից մեկն է եղել։ Թարգմանել է ամերիկացի հրապարակախոս եւ գրող Մորիս Հինդուսի աշխատություններից, ինչպես նաեւ Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալիլուեւայի ամուսնու, հնդիկ Բրաջեշ Սինգխի «Առանց կտուրի տունը» գիրքը, որը, սակայն, ձերբակալության պատճառով անավարտ է մնացել։ Եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի թարգմանիչը եւ «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) կազմակերպության խորհրդի յոթ անդամներից մեկը։

Խուզարկության ժամանակ նրա մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 3 հոդված։

1․ Մարդկային իրավունքի մասին

2․ Յուրաքանչյուր մարդու իրավունքն է

3․ Տեսություն մարդկային պատմության մասին:                                                                                 

Այս հոդվածներում Եղյանը քննադատության է ենթարկել խորհրդային երկրի քաղաքական եւ տնտեսական վիճակը, ազգային քաղաքականությունը ու հայ ժողովրդի փրկության ուղիներ է փորձել մատնանշել։

«Տեսություն մարդկային պատմության մասին» հոդվածում գրել է առանց  խորհրդային կարգերի` անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին: Նշված հոդվածներից առաջին երկուսը չեն տարածվել, եւ դրանք ձեռագիր վիճակում հայտնաբերվել են Եղյանի բնակարանում: Իսկ 3-րդ հոդվածը՝ «Տեսություն մարդկային պատմության մասին», Մերուժան Հովհաննիսյանի միջոցով տպագրվել ու տարածվել է։ Նախաքննական մարմինն այս հոդվածը բնութագրել է որպես հակախորհրդային եւ ազգայնական ու դրել է Եղյանին ներկայացված մեղադրանքների հիմքում։

Գրիգոր Եղյանը Մերուժան Հովհաննիսյանի հետ համատեղ կարողացել է սփյուռքահայ մամուլում տպագրելու համար արտասահման ուղարկել մի քանի հոդվածներ, այդ թվում՝ «Հայկական շահերը հանուն կոմունիստական հեղափոխության հաղթանակի Թուրքիային զիջելու անհրաժեշտության մասին» Անատոլի Սկաչկոյի 1921թ․ փետրվարին հրապարակած հոդվածի դեմ Վիգեն Բաբայանի եւ Մերուժան Հովհաննիսյանի համատեղ գրած պատասխանը, ապա՝ Հայաստանի անկախությանը նվիրված՝ «Մայիսի 28-ը» եւ հայ-թուրքական հարաբերությունները թուրքական տեսանկյունից դիտարկող Բատկովսկու տեսակետների պատասխան՝ «Բատովսկին իրավացի չէ» հոդվածները։

Նշված հոդվածները ԽՍՀՄ սահմաններից դուրս է տարել Լիբանանում հրատարակվող «Նաիրի» հանդեսի խմբագիր Անդրանիկ Արծրունին։

Վեհափառի թարգմանիչ լինելու հանգամանքը նրան հնարավորություն է ընձեռել արտասահմանում հրատարակվող գրականություն ու ամսագրեր հայթայթել։ Նրա միջոցով կազմակերպության անդամներին են փոխանցվել, ապա լայնորեն տարածվել են «Միջնաբերդ» ամսագիրը, «Սփյուռք» շաբաթաթերթը, ինչպես նաեւ Կարո Փոլադյանի «Հուշեր» գիրքը։

Գրիգոր Եղյանը կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում։ Ազատազրկումից հետո վերադարձել է Հայաստան: Աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter