HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխահայ գործարար Աղասի Զավարյանը իր ծննդավայր Այգեհատ գյուղում այգիներ է հիմնում

Չեխահայ գործարար Աղասի Զավարյանը այս օրերին Լոռու մարզի Այգեհատ գյուղում պարսպապատում է իր 18 հա տարածքը՝ ընկուզենու այգիներ հիմնելու համար: Գործարարի մանկությունն անցել է Այգեհատում: Աղասի Զավարյանը Պրահայում 2007թ.-ից գործող «Գեներալ» հյուրանոցի սեփականատերն է:

Աղասի Զավարյանը

Այգեհատում գրանցված է 280 մարդ: Փաստացի բնակվում է 200-ը:

«Ա. Զավարյանի ներդրումային ծրագրերից հետո  գյուղը լքած այգեհատցիները կվերադառնան Այգեհատ»,- ասում է վարչական ներկայացուցիչ Արշակ Շահվերդյանը: Այգեհատի փոքր հողատերերը պատրաստակամ են իրենց փոքր հողակտորները նույնիսկ անհատույց տրամադրել Աղասի Զավարյանին՝ աշխատատեղեր ստեղծելու համար:

«Որ խոսացնում ես` Ա․ Զավարյանի նպատակն իր բիզնեսը չի, բայց  նախաձեռնությունը երևի թե բիզնես կդառնա: Ինքը ուրիշ տեղեր իր համար էնքան բիզնեսներ ունի, որ դրա կարիքը չունի: Աղասին դրսից փող է բերում ներս՝ իր ծննդավայրը զարգացնելու համար: Եթե նրա խոստացած 200 աշխատատեղով պահածոների գործարանում մեր գյուղի 50  բնակիչ աշխատի՝ ամեն տանից գոնե  մեկը, դա բավարար կլինի Այգեհատի զարգացման համար: Ներկայումս այգիների պարիսպերի կառուցման շինաշխատանքերում ընդգրկված է 3 այգեհատցի: Էգուց էլ  13 կլինի: Կամաց-կամաց կավելանան»,- իրեն և այգեհատցիներին հուսադրում է Արշակ Շահվերդյանը:

 
Արշակ Շահվերդյանը

Այս ակնկալիքներով էլ Այգեհատ գյուղի ավագանին 2017թ.-ի սեպտեմբերին համայնքի սեփականություն հանդիսացող անջրդի, 3-րդ և 4-րդ կարգի 20 հա  վարելահող է աճուրդով վաճառել Աղասի Զավարյանին: Վաճառված  20 հա  վարելահողերից խոշորացված Օձուն համայնքի բյուջե մուտքագրվել է 25 մլն դրամ:

Ա. Շահվերդյանն ասում է, որ Աղասի Զավարյանի հետ անձամբ զրուցել է Այգեհատում նրա ծրագրերի մասին:

«Բացի ընկուզենուց կարող է ուրիշ ծառերի այգիներ էլ է նախատեսել գցել, ես այս պահին տեղյակ չեմ: Գիտեմ, որ  իր նախատեսած այգիների համար Աղասի Զավարյանը ոռոգման կաթիլային համակարգ է արդեն կառուցում: Կունենա նաև կարկտապաշտպան ցանց: Ինտենսիվ այգին 2-3 տարի հետո սկսելու է բերք տալ: Մինչ ծառերի բերքատվության սկսվելը, Ա. Զավարյանը Այգեհատում պահածոների փոքր գործարան է կառուցելու, երևի 200 աշխատատեղով»,- պատմեց զրուցակիցս:

Զավարյանը 20 օր առաջ է Այգեհատից մեկնել Չեխիա: Ընտանիքով բնակվում է Չեխիայում: Ա. Շահվերդյանի տեղեկացմամբ` գործարարը Այգեհատ կգա նաև մայիս ամսին: Հարցիս, թե ինչպես են այգեհատցիները վերաբերում գյուղի 20 հա վարելահողերը օտարելուն, Ա. Շահվերդյանը պատասխանեց. «Եթե մարդը էնենց բան է կառուցում, որը բխում է ողջ Այգեհատի շահերից, ոնց կարող են գյուղացիները լավ չընդունել»:

Գյուղի եզրին  թղթախաղով զբաղված այգեհատցիներից Դավիթ Շահվերդյանն ասաց՝ անձամբ շատ լավ է վերաբերում Աղասի Զավարյանի կողմից Այգեհատի զարգացման ծրագրերին:

«Մարդը մեր հողերը Դանուշավանից հո չի տեղափոխում: Մեր հողերը մեր գյուղումն էլ մնում է: Չգիտեմ, էդ այգին երևի կմեծանա, ժամանակը կգա, այգեհատցիները կաշխատեն: Ասում են` պահածոների գործարան էլ է ուզում կառուցել: Դա մեր գյուղացիներին շատ ձեռք է տալիս»,- ասաց Դավիթը:


Պարսպապատվող հողերը

Վերջինիս հարցրի իր տնտեսության մասին. «Իմ աշխատանքը էս կարտ խաղ անիլն ա: Հող ունեմ, չեմ մշակում: Ես 2001 թվին 30 հա-ի ցորեն ունեի ցանած: Եկը բռնեց, հասկը ծլեց: 10 հազար դոլար դաշտումը վարի տվի, ու մինչև օրս խելքս գլուխս չի գալի: Վարկ չէր, իմ սեփական փողն էր: Էն ժամանակ 400 գլուխ անասուն ունեի: Հիմա ես վիճակ չունեմ, ընդամենը մի կնիկ, երկու զավակ, երկու թոռ ունեմ: Դրսից ինձ համար ախպերս ու մորաքույրս փող են ղրգում, որ ապրենք: Ասում են` դու մենակ պտի թերզ խաղ անես, հա բլոտ ենք խաղում: Էնպես որ, մեր համագյուղացի Աղասի Զավարյանը շատ լավ գործ է անում»,- պատասխանեց Դավիթը:

Միշա Շահվերդյանը թոշակառու է: Երկու կով ունի: «Ասել Դավիթին մի կնիկ ունեմ, երեք երեխա: Էտա, ինչ տի ըլիլ (ծիծաղում է): Ընտանիքում 3 անձ ենք: Եթե Ա. Զավարյանի նախագծերը իրականանան, իմ տղային էլ աշխատանքի կընդունի, մենք էլ եդ վարկ կվերցնենք, եդ կլավնանանք»,- ասաց Միշան: 

«Ճամփա պհի»,- կատակեց թղթախաղով զբաղված այգեհատցիներից մեկը:


Միշա Շահվերդյանը

Միշայի խոսքով` գյուղում մարդ կա՝ լավ է ապրում, մարդ էլ կա՝ հեչ չի ապրում:  Ասում է, որ գյուղում լավ ապրելը դժվար է մի քիչ: «Հողերը բերքատու չեն: Գյուղացիները ոչ կարում են պարարտանյութ տան ժամանակին, ոչ կարում ենք սալյարկեն առնենք: Ոչ մի բան, հը: Մեր գեղն աշխատող ա, բայց աշխատելու ձև չկա»,- բացատրեց Միշան:

Ըստ վարչական ներկայացուցիչ Արշակ Շահվերդյանի՝ Աղասի Զավարյանի գնած 20 հա հողերը ընկած են Օձուն-Այգեհատ ճանապարհի ներքին հատվածում: Գործարարը սկսել է գնել նաև ճանապարհի վերին հատվածում ընկած, գյուղացիների սեփականաշնորհած հողաբաժինները: Ճանապարհից վերև համայնքի բնակիչների մեկ հողաբաժինը 1200 մետր է։

«Գյուղացիների մի մասն արդեն վաճառել են իրենց հողաբաժինները: Մարդիկ դե արդեն գիտեն, որ  լուրջ ծրագրեր ունի, վաղը մյուս օրը գյուղացիների համար աշխատատեղ է լինելու, իրենք էլ իրենց հողակտորներից առանձնապես մեծ օգուտներ չեն ստանում, ընդամենը խոտ են հնձում, մի 20-50 տուկ խոտ են տուն տանում: Մարդ  կա, որ իրեն հողակտորը չի ուզում տա, նրան էլ ստիպող չկա, որ իր հողակտորը ծախի: Կարող է նա էլ ուզում է մի քիչ թանկ ծախի: Չգիտեմ: Բայց դե  գյուղացիների հողակտորներից մոտ 4-5 հա–ն արդեն վաճառվել է  Ա. Զավարյանին»,- պատմեց Ա. Շահվերդյանը:

Վերջինիս ասելով` գործարարը գյուղացիներից հողը գնում է պետական գներով: Պետական գներով 1 հա վարելահողի գինը 2 մլն 222 հազար դրամ է:  Բայց  Ա. Զավարյանը 1 հա հողը գնում է 1մլն 100 հազար դրամով: Գյուղացիների 1200 մ հողաբաժինը գնում է 300 դոլարով: Այգեհատում գյուղացիներից ոմանք իրենց հողաբաժինը գործարարին որպես բարեկամ են տալիս, մեկն էլ որպես ընկեր է տալիս:


Շինարարական աշխատանքներ

«Իրենց  հողաբաժինները գործարարին անփող առաջարկողներ էլ կան: Բայց Աղասի Զավարյանը գյուղացիների առաջարկած անփող հողակտորները չի վերցնում: Բացառվում է, որ նա գյուղացիներից անփող հողակտորներ վերցնի: Մանավանդ, եթե ինքը փող ունի, ինչի կվերցնի գյուղացիներից անփող հողակտորներ»,-ասում է Ա. Շահվերդյանը: Աղասի Զավարյանը Այգեհատում նաև իր ընտանիքի համար կառուցելու է տուն, տուրիստական կենտրոն, նախատեսել է կառուցել նաև ռեստորան: Վերադառնալով Այգեհատի 18 հա վարելահողերի օտարումից  խոշորացված Օձուն համայնքի բյուջե մուտքագրված 25 մլն դրամին` Արշակ Շահվերդյանն ասաց. «Մենք համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ էն գլխից էլ որոշել ենք 25 մլն դրամը ներդնել Այգեհատի զարգացման նպատակով: Նախատեսված ծախս ենք ունեցել` Այգեհատի ակումբի համար գույք ձեռք բերելու և գյուղի թաղամասերից մեկում ոռոգման ցանց կառուցելու»:

Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը «Հետք»-ի հետ զրույցում Այգեհատում գործարար Աղասի Զավարյանի ներդրումային նախագծերը ողջունելի համարեց: Խոսելով վաճառված 20 հա վարելահողերի օտարումից Օձուն համայնքի բյուջե մուտքագրված 25 մլն դրամ եկամուտների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ կքննարկեն և կիրականացնեն պլանավորված ծրագրեր խոշորացված համայնքի մեջ ներառված բնակավայրերում, այդ թվում` Այգեհատում:

Մեկնաբանություններ (3)

Արմեն
Շատ լավ նախաձեռնություն է, բայց չհասկացա, թե պարիսպ կառուցելու իմաստը որն է? Մեր ժողովուրդը սիրում է ամեն ինչ պարսպապատել, առանձնացնել, որի արդյունքում բնության գեղեցիկ տեսարաններն այլևս անհրապույր են դառնում: Էդ պարիսպի անհաղթահարելի չէ, մտնողը կմտնի: Իր իմացած երկրում, օրինակ, նման պարիսպներով այգիներ չկան, ոչ մեկի մտքով էլ չի անցնում մնան չինական պատեր կառուցել՝ այգին սահմանազատելու համար: Կարող էր ժամանակավոր պարիսպ կառուցել, որ պետք եղած ժամանակ տեղաշարժեր կամ վերացներ: Բայց դե, մենք բոլորս հա՛մ ճարտարապատ ենք, հա՛մ շինարար, հա՛մ բժիշկ ...
Լարիսա Փարեմուզյան
Այգեհատի դաշտերի ցորենի, կարտոֆիլի, եգիպտացորենի և մյուս մշակաբույսերի բերքահավաքից հետո Այգեհատի և հարևան Արևածագի ու ծաթերի գյուղացիները իրենց անասուններին այդ դաշտերն անում արածելու: Անասուներից այգիները պաշտպանելու համար է գործարարը պարսպապատում իր այգիների տարածքը:
Սանթրո
Այտա ոնց ուզում ա թող հնենց էլ անի, պարիսպն էլ սիրուն կսարքի, եվրոպա տեհած մարդ ա: Թող անի, բալքի մի բան դուս գա էդ ժողովուրդն զբաղվի, կարթ խաղ անելով օրը մթնացնելու տեղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter