
Մի մայթին Մաշտոցին նվիրված հուշակաթողն է, մյուսին՝ աղբանոց
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
«Մաքրությունը ողորմություն է բնության հանդեպ»,-նման գրությամբ ցուցանակ է փակցված Աշտարակ քաղաքում կանգնեցված «Հայոց այբուբենի հուշակոթող»-ի կողքին:
Աշտարակով անցնող ճանապարհի մի մայթին Ջիմ Թորոսյանի հեղինակած այս հուշարձանն է, մույս մայթին՝ աղբանոց դարձած տարածքը: Հուշարձանը տեղադրված է Օշական գյուղի մուտքից քիչ հեռու: Այս հուշարձանի կողքով են զբոսաշրջիկներն ու դպրոցականներն այցելում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
«Հայոց այբուբենի հուշակոթող»-ը տեղադրվել է 1962 թվականին՝ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ: Այն ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հուշակոթողը բաղկացած է բացված գրքի նմանվող երկու հուշասալերից:
Հուշակոթողի պահպանության ու տարածքի մաքրության պատասխանատուն Աշտարակի քաղաքապետարանն է:
«Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ աղբանոցի վերածված տարածքը սեփականատեր ունի, սակայն սեփականատիրոջը չեն կարողանում գտնել: Քաղաքապետարանի տեղեկություններով՝ տարածքի սեփականատերը Հայաստանում չի բնակվում, այդ իսկ պատճառով քաղաքապետարանը որոշել է իր միջոցներով աղբը մաքրել:
Էդգար Մելիքյանի փոխանցմամբ՝ նոր են տեղեկացել, որ տարածքը աղբանոցի է վերածվել և այս շաբաթվա ընթացքում այն կմաքրեն:
ՀՈԱԿ-ի տնօրենը մարզպետարանի ներկայացուցչի հետ եղել է այդ տարածքում: Ասում է՝ այն հաճախ է մաքրվում, սակայն կրկին աղբանոցի է վերածվում: Ուստի պետք է որևէ միջոց ձեռնարկեն, որպեսզի տուրիստական նշանակություն ունեցող այդ տարածքը կրկին աղբանոցի չվերածվի: Թե ինչ միջոց` չհստակեցրեց. «Եթե ինչ-որ մի բան նորից եղավ, կրկին պետք է անենք: Իսկ ինչ մնում է տիրոջը գտնելուն կամ այդ տարածքը փակելուն, ես տեղյակ չեմ, ոնց կլինի: Ընթացքի մեջ է ամեն ինչ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել