HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը ոստիկանությանը չի տրամադրի գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած սպանության գործով ապացույց մեքենայի բանալիները

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով  դատավոր Նելլի Բաղդասարյանը Ճանապարհային ոստիկանությունից պահանջել է դատարանի վարչական տարածք բերել ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենան, որը գործով իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դատարանը քննության շրջանակներում արդեն ավարտել է իրեղեն ապացույցների հետազոտումը՝ բացառությամբ վերը նշված մեքենայի, որը գտնվում է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում:

Նախորդ դատական նիստին Ոստիկանությունից գործով դատախազներին բանավոր կերպով հայտնել էին, որ մեքենան դատարանի վարչական տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է դրա բանալին:

Դատավորն այսօր նշեց, որ բանալին տրամադրելու դեպքում չի բացառվում դրանում առկա հանցագործության հետքերն էապես փոխելու հանգամանքը, և այդ պատճառաբանությամբ որոշեց բանալիները չտրամադրել:

Դատավորը դիրքորշում հայտնեց, որ դժվարությունչի ներկայացնում մեքենան քարշակի միջոցով դատարան բերելը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանվել են Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Այսօրվա նիստին դատարանն ավարտեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը, որոնց ընթացքում ամբաստանյալների պաշտպանները հայտարարություններ արեցին:

Այս գործում առկա են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, որոնք ձեռք են բերվել օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում:

Գաղտնալսումներից հետո համապատասխան փորձաքննություն է կատարվել`պարզելու համար, թե ձայնագրություններում լսվող ձայներն ո՞ւմ են պատկանում, սակայն փորձաքննության համար, ըստ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի, օրենքով սահմանված կարգով նշում չի վերցրել:

Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն առհասարակ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Լրագրողների հետ զրույցում էլ փաստաբանը նշեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել` ձայնագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ, քանի որ անօրինական միջոցով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ եթե անգամ ընդունենք, որ գաղտնալսումը թուլատրելի ապացույց է, դրա բովանդակությունը հաշվի առնելով՝ կարելի  պնդել, որ իր պաշտպնյալին առաջադրված մեղադրանքնը ակնհայտ անհիմն է:

Դատարանում հաջորդ հայտարարությունը Երեմ Սարգսյանը հենց այս՝ մեղադրանքի անհիմն լինելու առնչությամբ արեց:

Վերջինս նշեց, որ Ալիկ Բանդուրյանի արարքը որակելու հարցում ի սկզբանե գործով քննիչի ու մեղադրող կողմի միջև հակասություն է եղել: Մասնավորապես՝ նախաքննության սկզբնական փուլում քննիչը Ալիկ Բանդուրյանի արարքը որակել է որպես մարմնական վնասվածք հասցնելու նախապատրաստությանն օժանդակում, սակայն մեղադրող կողմը ներկայում Ալիկ Բանդուրյանին մեղադրում է արդեն իսկ կատարված հանցագործությանը՝ այսինքն  ծանր մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու, այլ ոչ թե նման գործողություններ նախապատրաստելուն օժանդակելու մեջ:

Թեև Սարգսյանը երկու դեպքում էլ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չի համարել, այունամենայիվ նկատում է, որ գործում առկա տվյալներն ակնհայտորեն փաստում են, որ Բանդուրյանը չի կարող մեղադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու մեջ:

Այս գործի քննության շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվել նաև գործով մյուս ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ և որդու նկատմամբ: Պետրոս Իսրայելյանի կինը՝ Անժելա Մանուչարյանը դեպքից հետո ձերբակալվել է, վերջինիս կասկածվել է հանցագործությունը պարտակելու մեջ, և  ազատ է արձակվել միայն այն բանից հետո, երբ  Պետրոս Իսրայելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և նրան մեղադրանք է առաջադրվել:

Ըստ քննություն իրականացնող մարմինի՝ Մանուչարյանն ազատ է արձակվել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն: Միհրան Պողոսյանի՝ դատարանում արած հայտարարությունից կարելի է ենթադրել, որ պաշտպանը հակված չէ հավատալ, որ նախաքննական մարմինը առանց որևէ միտում ունենալու է ձերբակալել Անժելա Մանուչարյանին և պատահաբար պարզել, որ վերջինս Պետրոս Իսրայելյանի կինն է, և չխոստացված պարտական  համար ենթակա չէ պատասխանատվության:

Մեղադրող դատախազ Պետրոս Իսրայելյանի որդու՝ Գոռ Իսրայելյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ փաստաթղթերն ընթերցելիս նշեց, որ Իսրայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մասնակցությունը տեղի ունեցած հանցագործությանն ապացուցված չլինելու հիմքով:

Միհրան Պողոսյանն այս առնչությամբ հայտարարեց, որ մեղադրանքի կողմը արհեստականորեն ցանկանում է տպավորություն ստեղծել, որ Գոռ Իսրայելյանն առնչություն է ունեցել, հանցագործությանը, սակայն մեղադրանք առաջադրելու համար ապացույցները բավարար չեն եղել:

«Քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ Գոռ Իսրայելյանի անմեղությունն է ապացուցվել է»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:

Փաստաթղթերի հետազոտումից պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է նաև քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը, սակայն վերջինս դատակոչի ցուցակում ընդգրկված չի եղել:

Դատարանը հաջորդ դատական նիստին կհետազոտի Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենան, եթե, իհարկե, դրա ներկայությունը ապահովվի, իսկ դրանից հետո, ըստ սահմանված ապացույցների հաջորդականության, դատարանը կանցնի ամբաստանյաների հարցաքննության փուլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter