HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հափշտակություններ՝ Լոռու մարզում մատչելի պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Գլխավոր դատախազության կայքը հայտնում է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ:

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018 թվականի մարտի 16-ին ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի  բաժին` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի իրավասու պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների  ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո, շահադիտական դրդումներով, պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից փաստացի վաճառված պարարտանյութի համար հավաքագրված գումարի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Միխայլովկա համայնքում յուրաքանչյուր պարարտանյութի դիմաց վճարում կատարած ցուցակներում չի արտացոլել հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարի իրական չափի վերաբերյալ տեղեկություններ և շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ ներկայացրել է Լոռու մարզպետարան:

Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը, աշնանացան ցորենի բաշխման գործընթացում, նպատակ ունենալով հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, 2014-2016 թվականների ընթացքում նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում և նրանց անվամբ դուրս գրված սերմացուն  վերջիններիս չի հատկացրել, այլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից ցորենի սերմացուի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ  կետերով և 314-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter