HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսական տասից ավելի ԶԼՄ-ներ բոյկոտ են հայտարարել ՌԴ Պետդումային

Ռուսական տասից ավելի լրատվամիջոցներ բոյկոտ են հայտարարել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումային: Պատճառը Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումն է, համաձայն որի` Պետդումայի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գործողություններում լրագրողների նկատմամբ սեռական բռնություն չէր հայտնաբերվել:

Այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին մի քանի կին լրագրողներ հայտարարել էին, որ Լեոնիդ Սլուցկին սեռական բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Որպես ապացույց՝ ներկայացվել էր նաև BBC-ի ռուսական ծառայության լրագրող Ֆարիդա Ռուստամովայի և Լեոնիդ Սլուցկու խոսակցության ձայնագրությունը՝ արված պատգամավորի աշխատասենյակում: Բացի Ռուստամովայից, Սլուցկուն իրենց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ մեղադրել էին նաև RTVI հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն և «Дождь» հեռուստաընկերության պրոդյուսեր Դարյա Ժուկը:

Էթիկայի հանձաժողովը հայտարարել է, որ նյութերին ծանոթանալուց և լրագրողներին լսելուց հետո Սլուցկու գործողություններում բռնություն չի հայտնաբերել: Միևնույն ժամանակ հանձնաժողովը նշել է, որ լրագրողները կարող են այդ նյութերը ներկայացնել իրավապահ մարմիններին, քանի որ դա նրանց իրավունքն է:

Նիստի ավարտից հետո Ֆարիդա Ռուստամովան հայտարարել է, որ էթիկայի հանձնաժողովից այլ որոշում չէր սպասում.

«Նրանց առաջարկը՝ դիմել իրավապահ մարմիններին, անիրատեսական է, քանի որ ռուսական օրենսդրությունում բռնությանը վերաբերող հոդվածներ չկան»,- նշել է լրագրողը:

Լեոնիդ Սլուցկին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ իր բացատրությունները ներկայացրել է հանձնաժողովի նիստի ժամանակ, որը դռնփակ է անցկացվել:

Էթիկայի հանձաժողովի որոշումից հետո «РосБизнесКонсалтинг» մեդիահոլդինգը բոյկոտ է հայտարարել Պետդումային և հետ կանչել խորհրդարանում հավատարմագրված իր լրագրողներին: РБК-ի օրինակին հետևել են ռուսական մի շարք այլ լրատվամիջոցներ:

Պետդումային բոյկոտ հայտարարած ռուսական ԶԼՄ-ների ցանկը

Ավելի ուշ բոյկոտին է միացել նաև իր հետաքննություներով հայտնի «Новая Газета» թերթը:

Ի պատասխան ԶԼՄ-ների՝ Պետդուման կազմել է ոչ ցանկալի լրագրողների ցանկ, որում ներառվել են բոյկոտ հայտարարած լրատվամիջոցների ներկայացուցիչները: Խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ այս ամենը լրատվամիջոցների բոյկոտի հետևանքն է:

Լուսանկարում` Լեոնիդ Սլուցկին / © Сергей Фадеичев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter