HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել 1997 թվականին Վանաձորում տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:

1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է  նույն քաղաքի բնակիչ  Վ.Զուլալյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ  փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի  Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ:  Պարզվել է, որ դեպքի օրը՝  1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ  իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։

Իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր և  2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից:

Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝  Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter