HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վկան պնդում է, որ փաստաբանին եւ քննիչին կաշառք են տվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործով քննությունը։

Նիստը սկսելուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց ամբաստանյալ Գայանե Գալոյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Գալոյանի մոտ հայտնաբերվել է զարկերակային հիպերտենզիա, ստորին վերջույթների աթերոսկրելոզ, շաքարային դիաբետ եւ մի շարք այլ հիվանդություններ։ Ամբաստանյալի մոտ հայտնաբերված հիվանդությունները պահանջում են ամբուլատոր բուժում, որը կարելի է կազմակերպել քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմաններում։

Այնուհետեւ շարունակվեց Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի ցուցմունքը։ Սոս Գասպարյանը հայտնեց, որ քննչական կոմիտե է գնացել հոր եւ եղբոր հետ, սակայն հայրն ասել է, թե քննիչը տեղում չէ: «Գայանե անունով մի փաստաբանի համար են տվել։ Քննիչն ասել էր՝ կզանգեք Գայանե Գալոյանին, իր հետ կպայմանվորվեք»,-հայտնեց վկան։

Սոս Գասպարյանն ասաց, որ փաստաբան Գայանե Գալոյանի հետ հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել, որ իր դեմ առաջադրված մեղադրական հոդվածը պետք է վերափոխվի ինքնապաշտպանության։

«Ի՞նչ խոսակցություն ունեցաք Գայանե Գալոյանի հետ»,- հետաքրքրվեց Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը։

«Հարցրեց՝ ինչ է եղել, ասացի` սենց քրեական գործ կա: Գալոյանն ասաց՝ սպասեք բարձրանամ քննչական բաժին։ Մենք իր սենյակում ենք եղել, չենք տեսել, որ գնացել է։ Երբ եկավ, ասաց՝ քննիչները երեք հազար դոլար են պահանջել մեղադրանքը վերաորակելու եւ չկալանավորելու համար»,- պատմեց վկա Գասպարյանը։

Վկան ասաց, որ փաստաբանը գումարը պիտի տար քննիչներին. «Հայրս երեք հազար դոլարը տվեց Գայանե Գալոյանին, նա դրեց պայուսակի մեջ»,-հայտնեց վկան։

Դատախազի այն հարցին, թե կալանավորվելուց հետո փաստաբանի եւ քննիչի հետ հանդիպում ունեցե՞լ է, Սոս Գասպարյանը պատասխանեց. «Քրեակատարողական հիմնարկ եկել են, ասել են՝ լավ է լինելու, փաստաբան Գալոյանը եւ քննիչ Զադոյանը անընդհատ ասում էին՝ գործն ընթացքի մեջ է։ Ասացին` դատարան կգնաս, դատարանում կփոխվի»,- հայտնեց վկան։

Համաձայն գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

«Ձերբակալելուց հետո չասացի՞ք՝ ոնց եղավ, որ ինձ ձերբակալեցին»,- հարց ուղղեց հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։

«Տիկին Գայանեն սկզբից էլ ասում էր՝ երեք օրով են ձերբակալելու, հետո բաց են թողնելու։ Պատճառաբանում էր, թե քննիչն իր գործողություններում թերանում է, չի կատարում, ասում էր՝ երեք օրից բաց կթողնեն, հետո հինգ օրից, քսան օրից, ամսվա վերջին»,- ասաց վկան։

Ամբաստանյալ Գ. Գալոյանը եւս հարցադրումներ արեց, փորձեց պարզաբանել` ինչու գումարը տալուց եւ արդյունքը չտեսնելուց հետո Սոս Գասպարյանը չի բողոքել, որեւէ պահանջ չի ներկայացրել։ Նաեւ հայտնեց, որ վկայի հոր՝ Բաբկեն Գասպարյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, դրա մասին տեղյակ է պահել վկային։

 

«Ինչո՞ւ չեք վիճաբանել, ինչո՞ւ չեք ասել՝ գումարը հետ տվեք»,- հարցրեց ամբաստանյալ Գալոյանը: Ի պատասխան՝ վկան ասաց. «Ինձ ազատությունն էր պետք, ասում էիք՝ համբերի, գործը հեսա վերաորակվելու է։ Ինձ նորմալ փաստաբան էր պետք, ես գումարը չէի տվել, դրա հետ գործ չունեի, ես ուզում էի, որ իմ շահերը նորմալ պաշտպանվեն»։

Սոս Գասպարյանը հայտնեց նաեւ, որ որոշել է ունենալ երկրորդ փաստաբան, քանի որ մտածել է, որ Գալոյանն իր գործից տեղյակ չի եղել։

Ըստ Գայանե Գալոյանի հայտարարության՝ ինքը Գասպարյաններին խորհուրդ է տվել Սոս Գասպարյանի գործով տուժողներին գումար փոխանցել. «Չգիտեմ` տվել են, թե ոչ, բայց կարծում եմ, որ այդ գումարը նկատի ունեն, որ վերագրում են ինձ»։

Քննիչ Միքայել Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանն էլ հետաքրքրվեց՝ քննիչի կատարած գործողությունները դրական ազդեցություն թո՞ղել են գործի վրա: Վկա Գասպարյանն ասաց, որ թեեւ իրավագետ չէ, բայց կարծում է՝ քննիչի գործողությունները եղել են ի վնաս։

Վկան նշեց նաեւ, որ տրամադրված գումարը քննիչին հասել է. «Առերեսման ժամանակ քննիչն ինձ ասաց՝ քեզ նորմալ պահի, հանկարծ չմտածեն, որ փող ես տվել, ես էլ քեզ բաց եմ թողնելու»։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին, որը մարտի 26-ին է նշանակված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter