HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր Սահմանադրությամբ ևս վարչապետը պարտավոր է մասնակցել ԱԺ- Կառավարություն հարց ու պատասխանին

Ազգային Ժողովի պատգամավորն ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ իրավունք ունի հերթական նստաշրջանի չորեքշաբթի օրվա վերջին նիստում բանավոր հարցեր հղել վարչապետին և Կառավարության անդամներին:

Սահմանադրության այս հոդվածը փոփոխվել է, եթե նախկինում հստակ նշվում էր, որ վարչապետն ու Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին, ապա Սահմանադրության փոփոխությունից հետո հոդվածը ձևակերպվել է այսպես՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։

սեղմեք նկարի վրա

Եւ չնայած վարչապետը ևս Կառավարության անդամ է, սակայն փորձը ցույց է տալիս, որ Սահմանադրության հոդվածների մեկնաբանումը տարբեր գործիչների մոտ յուրովի է ստացվում։

Մեր հարցին, թե ինչո՞ւ է հոդվածն այդ կերպ փոխվել, դա ենթադրո՞ւմ է, որ վարչապետը կարող է չգալ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց

«Վարչապետը ևս Կառավարության անդամ է»,- նաև հավելեց, որ եթե վարչապետը գործուղման մեջ կամ արձակուրդում չէ, ապա պետք է ներկա լինի հարց ու պատասխանին։

Կրկին հետաքրքրվեցինք՝ վարչապետը պարտավո՞ր է լինել հարց ու պատասխանի ժամանակ, նախարարն արձագանքեց

«Ես չեմ տեսնում որևէ սահմանափակում, որ չլինի»։

Հարությունյանը մանրամասնեց նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության նիստերի լուսաբանման հետ կապված հարցեր։ Նախարարի վստահեցմամբ՝ չնայած Կառավարության նիստերը դռնփակ են լինելու, սակայն այդ օրերին Կառավարությունում հավատարմագրված լրագրողների մուտքը նախկինի պես թույլատրվելու է

«Նիստերը լինելու են դռնփակ, բայց Կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են գալ ու մասնակցել ճեպազրույցներին։ Կառավարության նիստի քննարկումը պետք  է լինի ազատ, ոչ թե հանրային աչքի առաջ, իսկ նիստից հետո կլինեն ճեպազրույցներ և Կառավարությունում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու նախարարներին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից ներկայացված օրենքների փաթեթը, ըստ որի Կառավարության նիստերը կլինեն դռնփակ, իսկ Երևանի ավագանու նիստերին լրագրողները չեն կարողանա մասնակցել, այլ միայն կհետևեն ուղիղ հեռարձակմանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter