
Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել պաշտոնյայի դստեր` գործունեությունը ժամանակավորապես դադարեցված ընկերության հետ
Պետական մարմինները շարունակում են իրենց կարիքների համար ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ:
2018թ․ մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանի դստեր՝ Ալիտա Ադամյանի ընկերության հետ:
«Ակադա պրինտ» ՍՊ ընկերությունը քաղաքապետարանի համար պետք է տպագրի աղբահանության վճարների անդորրագրեր: Պայմանագրով տպագրվելու է 945 000 անդորրագիր, յուրաքանչյուրը՝ 9 դրամով: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.5 միլիոն դրամ:
Անհասկանալի է, թե ինչպես է «Ակադա պրինտ»-ը քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել, եթե հարկային ծառայության պաշտոնական կայքի տվյալներով՝ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Ստացվում է՝ ՊԵԿ-ի տվյալներով ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն մրցույթում շահում և պայմանագիր է կնքում։ «Հարկային օրենսգիրք»-ով՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ընկերությունը պարտավոր է գործունեությունը վերսկսելիս հարկային մարմնին տեղեկացնել այդ մասին:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ակադա պրինտ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի հունիսին: Հիմնադրման ժամանակ ընկերության սեփականատերերից մեկը եղել է Կամո Ադամյանի կինը՝ Ալինա Դանիելյանը և Լիլիթ Գրիգորյանը, սակայն 2012 թվականից նրանք դադարել են ընկերության սեփականատերերը լինելուց և ընկերության 100 տոկոս բաժնեմասը անցել է Կամո Ադամյանի քսանամյա դստերը: Իսկ 2017 թվականի հունիսից ընկերության տնօրենի պաշտոնին Ադամյանի մյուս դուստրն է՝ Դիանա Ադամյանը:
Ի դեպ, առաջին տարին չէ, որ այս ընկերության հետ պետական մարմինները պայմանագրեր են կնքում:
2013 թվականին Վերահսկիչ պալատը հրապարակել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրման, բաշխման և օգտագործման գործընթացի վերահսկողության արդյունքների մասին հաշվետվություն, որում «Ակադա պրինտ»-ին ևս անդրադարձել է:
Մասնավորապես՝ Վերահսկիչ պալատը պարզել է, որ սոցիալական ապահովության ծառայությունը 2012 թվականի հոկտեմբերին «Ակադա պրինտ»-ի հետ կնքել է 150 000 հատ անաշխատունակության թերթիկների տպագրության պայմանագիր՝ մեկ թերթիկի համար վճարելով 137 դրամ, իսկ նույն նմուշի 170 000 ձևաթղթի համար 2013 թվականի հուլիսին «Նորք» կենտրոնին վճարել է 64.8 դրամ:
Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ եթե սոցիալական ապահովության պետական ծառայությունը «Ակադա պրինտ»-ի փոխարեն թերթիկները տպագրեր «Նորք» կենտրոնի միջոցով և յուրաքանչյուրի համար վճարեր 64.8 դրամ, ապա պետական բյուջեից կխնայվեր 10 մլն 830 հազար դրամ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հրապարակած զեկույցով՝ «Ակադա պրինտ»-ը 2011թ. դեկտեմբերին ավելի բարձր գնային առաջարկով հաղթել է Սոցիալական ապահովության պետական ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և կենսաթոշակի վկայականների տպագրության մրցույթում:
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը եղել է նաև ազգային վիճակագրական ծառայության և էներգետիկայի նախարարության տնտեսական բաժնի պետ, նույն նախարարության գլխավոր աուդիտոր, ապա աշխատել է որպես արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ, աշխատակազմի ղեկավար, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։
Առաջին լուսանկարը՝ քաղաքապետարանի ֆեսյբուքյան էջից:
Մեկնաբանել