
Գյուղնախարարն այցելել է Վահրամ Բաղդասարյանին փոխկապակցված ընկերության գործարանի տարածք
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ընկերությունը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:
Այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:
Նշենք, որ «Վաբա» ՍՊԸ-ն հիմնադրել է ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր (Բաղդասարյանը պատգամավոր է 1995թ-ից): Մինչև վերջերս՝ 2018թ-ի փետրվար, նա է եղել ընկերության միակ բաժնետերը: «Վաբա» ընկերությանը պատկանող արտադրամասի, ռեստորանային համալիրի, ինչպես նաև պատգամավորի մյուս բիզնեսների մասին կարդացեք այստեղ:
Փետրվարից ընկերության բաժնեմասերն անցել են Վահագն Ավագյանին, որը Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ է:
Գյուղնախարարությունը հայտնում է, որ «Վաբա»-ի և «CARMAC Group»-ի ներկայացուցիչների հետ նախարարի հանդիպմանը ներկա է եղել նաև Վահրամ Բաղդասարյանը. «Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,- ասել է գյուղնախարար Առաքելյանը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել