HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը լրացուցիչ հարցաքննում է Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով վկաներին

«Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով վկաներից ոմանց լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն է առաջացել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր այս գործով դատական նիստին հարցաքննվեցին վկաներ Արտակ Նազարյանը, Լևոն Մեսրոպյանը, Արսեն Սիմոնյանը, Արման Հարությունյանին, Արամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև եղած լարված հարաբերություններից, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Վկաներին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նրանք հարցաքննվել են մինչև գործում առկա ապացույցների հետազոտման փուլը, իսկ ապացույցների շարքում է նաև գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման  շրջանակներում Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Վկաների հարցաքննության ժամանակ մեղադրող կողմը նրանց այդ գաղտնալսումների բովանդակության վերաբերյալ հարցաքննելու հնարավորություն չի ունեցել` նկատի ունենալով, որ դրանք դեռևս դատաքննության ընթացքում հրապարակված չեն եղել: Ըստ մեղադրող կողմի` վկաների ցուցմունքներն էականորեն հակասում են օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումների բովանդակությանը:

Վկա Արամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում երեք ցուցմունք է տվել, որոնցից առաջինը դեպքի հաջորդ օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին, սակայն այս ցուցմունքում հայտնած բազմաթիվ հանգամանքներ հետագա ցուցմունքներում, ինչպես նաև դատարանում հերքել է: Հատկանշական է, որ դեպքի հաջորդ օրը տված ցուցմունքի բովանդակության որոշ կարևոր հանգամանքեր համապատասխանում են օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումների բովանդակությանը:

Մասնավորապես` առաջին ցուցմունքում վկան հայտնել է, որ դեպքի օրը Մուշեղ Մուշեղյանը գնացել է դեպի նկուղի դուռը, սակայն այն փակ է եղել, որ Մուշեղյանին որոշ անձինք «խփել են»: Նման տվյալ ձեռք է բերվել նաև գործում առկա հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներով: Ըստ գաղտնալսումներից մեկի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը դեպքից հետո ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսելիս ասում է. «Ախպերս ես խփի, հետո գնաց կաշը: Գաղտնալսման մեկ այլ հատվածում էլ Պետրոս Իսրայելյանը Արմեն Գասպարյանի հետ խոսելիս ասում է` «Բդո ջան մորթինք»: Մեղադրող դատախազները դեպքի օրը գեղեցկության սրահի նկուղում գտնված Արամ Պետրոսյանին հարցրին, թե ո՞ւմ են մորթել:

«Մեր Գեղամն ա տենց բան ասե՞լ»,- զարմացած հարցրեց Արամ Պետրոսյանն ու կարծիք հայտնեց, որ Գեղամ Պետրոսյանը չափազանցրել է տեղի ունեցածը: Գաղտնալսումներից մեկի համաձայն` Պետրոս Իսրայելյանը Բդոյին ասել է, որ Մուշեղ Մուշեղյանը կրակոցներն արձակել է ընկած վիճակում, սակայն Արամ Պետրոսյանը դատարանում հայտնեց, որ Մուշեղ Մուշեղյանին ընկած վիճակում ինքը չի տեսել, նրան տեսել է կանգնած վիճակում կրակելիս:

Նախաքննական վերջին ցուցմունքներում և դատարանում Արամ Պետրոսյանը հայտնել է, թե միջադեպի ժամանակ նախահարձակ է եղել Մուշեղ Մուշեղյանը, որ վերջինս է կրակոցներ արձակել: Մեղադրողները հարցրին, թե ինչպե՞ս է Արամ Պետրոսյանը բացատրում  նախաքննական իր առաջին ցուցմունքի, օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումների հակասությունը դատարանում տված իր ցուցմունքների հետ, և ի պատասխան վկան նշեց, որ դեպքի ժամանակ ինքը վիրավորվել ու լուրջ առողջական խնդիրներ է ունեցել: Նշենք, որ Պետրոսյանը նկուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց ու վիրահատվել:

Հեռախոսային գաղտնալսումներից մեկում Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին ասում է. «Եթե Մուշեղը մահացել է, ապա արխային կարաք գրեք վրեն»: Մեղադրողներն այս, ինչպես նաև մյուս վկաներից հետաքրքվեցին, թե արդյոք այդ հանգամանքով է պայմանավորված, որ նրանք Մուշեղ Մուշեղյանի դեմ ցուցմունքներ են տալիս, սակայն ի պատասխան բոլոր վկաները հերքեցին այդ հանգամանքը` նշելով, թե ասում են այն, ինչ տեսել են:

Նշենք, որ դատարանում հարցաքննված դեպքի ականատես մյուս վկաները ևս, ինչպես Արամ Պետրոսյանը, նշեցին, թե Մուշեղ Մուշեղյանին ընկած վիճակում կրակելիս չեն տեսել:

Այսօրվա դատական նիստին, կարելի է ասել, վկաները պնդեցին այն ամենն, ինչ արդեն իսկ ասել էի դատարանում: Նիստի ընթացքում վկա Արամ Պետրոսյանը դատարանի կողմից նկատողության տեսքով սանկցիա ստացավ:

Մեղադրող Արգիշտի Քյարամյանի հարցերից մեկին պատասխանելու փոխարեն Պետրոսյանը հորդորեց «մարդավարի տալ հարցերը»: Դրանից հետո դատախազ Քյարամյանը վկայի հետ սկսեց «դու»-ով խոսել` իր արարքը անվանելով «իրավիճակային լուծում»:

Այսօրվա նիստը հետաձգվեց, մյուսը նշանակվեց ապրիլի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter