HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ճվճվ Արոյի որդու գործով տուժողը հայտարարեց, որ այլևս դատարան չի գալու

«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի և վերջինիս ընկերոջ գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ։ Նիստն անգամ նշանակված ժամին չբացվեց․դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ Սերժ Վարդանյանի պաշտպանը դիմում է գրել՝ խնդրելով հետաձգել այն։ Այս հանգամանքն առաջացրեց գործով տուժող, ազգությամբ հայ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Շանթ Մագարյանի զայրույթը։ Վերջինս հայտարարեց, որ այլևս այս գործով դատական նիստերին չի ներկայանալու ու դիմում ներկայացրեց դատարանի աշխատակազմին։ Մագարյանը դիմումում հայտնեց, որ ինքը որևէ պահանջ չունի, և խնդրում է նիստերն անցկացնել իր բացակայությամբ։

«Անհրաժեշտության դեպքում ես կդիմեմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ հայտնելով, որ Հայաստանի դատարաններն անարգում են օտարերկրացիներին։ Ես այստեղ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների եմ տեսել՝ ազգությամբ պարսիկ, հայ և այլազգի, որոնց վերաբերյալ դատական գործերը երբեք ճիշտ հանգուցալուծում չեն ստացել»,- ասաց Շանթ Մագարյանն ու նշեց, որ ստացվում է, որ իրեն պարտավորեցնում են պատշաճ ներկայանալ դատական նիստերին, հայտարարում, որ չներկայանալու դեպքում իրեն բերման կենթարկեն, իսկ երբ գալիս է, պարզում է, որ նիստ տեղի չի ունենալու։

«Ես ընկել եմ այնպիսի մարդկանց խաղերի մեջ, որոնք ծանոթություններ ունեն, և որի պատճառով այս նիստերն այսքան ձգձգվում են»,- հայտարարեց Շանթ Մագարյանը։

Հիշեցնենք, խոսքը 2014 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը մեքենայով են եղել, և երթևեկության կանոնների խախտման առթիվ վիճաբանություն է առաջացել մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մագարյանի հետ, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, Մագարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Գործի շրջանակներում Վարդանյանի և վերջինիս ընկերոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Սերժ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության և կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանը շուրջ 4 տարի է՝ քննում է խուլիգանության հոդվածով հարուցված այս գործը, սակայն այն ավարտին չի հասցրել։

Տուժող Մագարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր վերաբերյալ գործով պատշաճ քննություն չի իրականացվել, որ դեպքի ժամանակ ստացած իր վնասվածքներն իրավապահների կողմից չեն լուսանկարվել, իսկ իր ճղված հագուստն իրեղեն ապացույց ճանաչելու փոխարեն վերադարձրել են իրեն։

Մագարյանը դեռևս նախորդ դատական նիստին պատրաստվում էր դատարանին ներկայացնել իր հեռախոսում առկա այն վնասվածքի լուսանկարը, որն, ըստ իր հավաստման, ստացել է վիճաբանության ժամանակ, սակայն  նախորդ անգամ նույնպես նիստ տեղի չունեցավ։ Նկատի ունենալով, որ տուժողը որոշել է այլևս դատարան չներկայանալ, վերջինս լուսանկարը փոխանցեց դատարանում ներկա լրագրողներին։

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Մագարյանն ավելի վաղ պատմել է, որ այն բանից հետո, երբ իր հետ վիճաբանող անձինք տեսել են ոստիկանության աշխատակիցների, փորձել են փախուստի դիմել, և դրա հետևանքով իրեն 30 մետր գետնին քարշ տալով տարել են իրենց հետ, որի պատճառով ինքը մարմնական լուրջ վնասվածք է ստացել։

Մագարյանը վստահ է՝ եթե Ճվճվ Արոյի ավագ որդու վթարի գործով քրեական գործը չլիներ, կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի վերաբերյալ այսօր դատարանում քննվող գործի մասին որևէ մեկը չէր էլ հիշելու։

«Իրենք անգամ ինձ ասել էին, որ Իրանից թուղթ գրեմ, որ հրաժարվում եմ բողոքից»,- ասաց Շանթ Մագարյանը։

Վերջինս հավատացնում է՝ եթե դատարանն իր վերաբերյալ գործը պատշաճ քններ, ինքը չէր հրաժարվի դրան ներկայանալ։

Նշենք, որ որ այս պահին կալանավորված է նաև Արա Վարդանյանի ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը։ Վերջինս երկու ոստիկանի մահվան ելքով վթարի գործով մեղադրյալ է։ Վարդանյանի որդիները նախկինում ևս հայտնվել էին սկանդալային իրավիճակներում, սակայն սա առաջին անգամ է, որ նրանց նկատմամբ կալանքն է որպես խափանման միջոց ընտրվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Վարդանյանի որդիների կնքահայրն է։

Առաջին լուսանկարում՝ Շանթ Մագարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter