HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխնախարար Քարամյանը պարզաբանում է, թե ինչու չի հայտարարագրել իր բուլղարական բնակարանը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ՀՀԿ-ական Արսեն Քարամյանի՝ բուլղարական ծովափում գնած բնակարանի մասին գրել էինք նախորդ շաբաթ: Ինչպես եւ եզրակացրել էինք, պաշտոնյան չի հայտարարագրել իր գույքը: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ մեզ ուղարկված գրությունից:

Հոդվածում նշել էինք, որ 2009-ից փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Քարամյանը, ըստ բուլղարական ռեգիստրի փաստաթղթի, Սվետի Վլաս քաղաքի «Royal Palm» հյուրանոցում իր բնակարանը գնել է 2011-ի հոկտեմբերին, իսկ օրեր անց գործարքը պետական գրանցում է ստացել: Մեր հրապարակումից հետո Ա. Քարամյանը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է գույքի առքուվաճառքի պայմանագրի պատճենը, որը, ըստ հանձնաժողովի, կնքվել է 2010-ի մարտի 24-ին՝ փուլային վճարման պայմանով: Սակայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է հետագայում:

Արսեն Քարամյանը հանձնաժողովին հայտնել է, թե քանի որ պայմանագիրը 2010-ին է կնքել, ինքն ընկալել է այնպես, որ հենց այդ տարում է ձեռք բերել գույքը, հետեւաբար ձեռքբերման փաստը չի ներկայացվել 2011 թ. տարեկան հայտարարագրում: Հիշեցնենք, որ հենց 2011-ից են այս հանձնաժողովին բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարագրեր ներկայացնում:

Այդուհանդերձ, հանձանաժողովը, հաշվի առնելով սեփականության իրավունքի գրանցման փաստը հենց 2011-ին, փոխնախարարին առաջարկել է տարեկան հայտարարագրում վերացնել անհամապատասխանությունը: Այս նյութի հրապարակման պահին հանձնաժողովի կայքից հեռացված է Քարամյանի 2011 թ. հին հայտարարագիրը (վերջինս կարող եք տեսնել այստեղ), սակայն ճշգրտված տվյալներով նորն էլ դեռ չի տեղադրվել:

Մեզ ուղղված գրության մեջ հանձնաժողովը նաեւ հայտնել է. «Հարկ է նկատի ունենալ, որ հայտարարագրմանն առնչվող խախտումների եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Հետևաբար՝ նշված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ չի կարող հարուցվել»: Այսինքն՝ քանի որ Քարամյանը թերի հայտարարագիր է ներկայացրել մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը, պատասխանատվություն կրելու նորմը նրա վրա չի տարածվի, քանի որ այն հետադարձ ուժ չունի:   

Լուսանկարը՝ ethics.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter