
Լարված իրավիճակ Ֆրանսիայի հրապարակում. ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք հետապնդում են ցուցարարներին, հարվածում, բերման ենթարկում
Ֆրանսիայի հրապարակում այժմ ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք հետապնդում են այնտեղ հավաքված ցուցարար երիտասարդներին:
Ոստիկանական մեքենաների մեջ հիմա ցուցարարներ կան, որոնց ենթադրաբար բերման են ենթարկելու: Որոշ օպերլիազորներ հետապնդում են փախչող ցուցարարներին, հարվածում նրանց:
Լարված իրավիճակ է Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա տանող հատվածում, ոստիկանական մեքենաներ են կանգնած, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին:
Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ տեսել է բերման ենթարկված երիտասարդ ցուցարարների: Նա նկատել է, թե ինչպես են երիտասարդներին ոստիկանության շենք մտցնելիս ծեծում, բռունցքներով հարվածում:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ Նոր Նորքի բաժնում ժամը 10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 5 անձ:
Մեկնաբանել