HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոց-Թումանյան խաչմերուկի միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ քրեական գործ է հարուցվել երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած գործողությունների  առթիվ, որի հետևանքով վնասվել էին ցուցանակներ, գովազդային վահանակներ, լուսաֆորներ:

Դատախազությունը այս գործողությունների մասնակիցներին ներկայացնում է որպես բողոքի հավաքի մասնակիցներ, թեև, հիշեցնենք, ականատեսներից շատերը կարծում էին, որ նշված անկարգությունները բողոքի ցույցերի հետ կապ չունեին՝ հաշվի առնելով այդ պահին հավաքի ավարտված լինելն ու այդ գործողությունների՝ բողոքի ակցիաներին ոչ հատուկ ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը ևս հերքել էր բողոքի ակցիաների և անկարգությունների կապը՝ դրանք անվանելով «հնդկական կինո»: 

«Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում  գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և ճանապարհային նշանները»,- հայտնում է դատախազությունը:

«Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին` պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին»,- գրված է դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter