HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիներին բերման են ենթարկում քաղաքացիական, առանց պետհամարանիշի մեքենաներով (տեսանյութ, լուսանկարներ)

Ոստիկանության Շենգավիթի բաժին քիչ առաջ բերման ենթարկեցին արդեն մոտ 50 քաղաքացիների։ Բոլոր քաղաքացիները նշում են, որ իրենց ապօրինի են բերման ենթարկել։ Նրանցից Արմեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բերման է ենթարկվել Արշակունյաց պողոտայից։ Ահա բերման ենթարկվածներից մի քանիսի անունները, որոնք մեր թղթակիցը կարողացել  է ճշտել` Անտոն Իվչենկո, Բագրատ Ենգիբարյան, Վահրամ Հայրիկյան, Աշոտ Գյոդակյան, Մհեր Հարոյան, Հայկ Մանուկյան, Էլեն Ավանեսյան, Հարություն Մովսիսյան, Արմեն Մնացականյան: Բոլորին բերման են ենթարկել Շենգավիթ համայնքի տարբեր հատվածներից` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի հրապարակ եւ դրան հարակից փողոցներից: 

Բագրատ Ենգիբարյանի եղբայրը, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի առջեւ սպասում էր տեղեկությունների եղբոր մասին, ասաց, որ Բագրատը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է եւ դասադուլի առաջին իսկ օրվանից մասնակցում է բողոքի ակցիաներին, իսկ ինքը երեկվանից է միացել բողոքի ակցիաներին:  

Ոստիկանություն են եկել երկու փաստաբաններ և ցանկանում են տեսակցել իրենց պաշտպանյալներին, սակայն նրանց արգելում են մտնել ոստիկանության շենք։

«Հետք»-ը տեսագրել և լուսանկարել է այն մեքենաները, որոնցով բերման են ենթարկել քաղաքացիներին։ Դրանք ինչպես ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական մեքենաներ են: Դրանցից մի քանիսը չունեն պետհամարանիշեր։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել այս հանգամանքը` ինչու են առանց պետհամարանիշի եւ քաղաքացիական մեքենաներով բերման ենթարկում քայլերթի մասնակիցներին: Նա պատասխանեց, որ պարզաբանում կտա միայն փաստերն ուսումնասիրելուց հետո:  

Ոստիկանության Շենգավիթի բաժին քաղաքացիական կամ առանց պետհամարանիշի մեքենաներով բերման ենթարկվածներից ոմանք հրաժարվում էին նշել իրենց անունները: Ի դեպ, բերման ենթարկողներից ոմանք էլ առանց ոստիկանական համազգեստի էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter