HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը  բավարարեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Այսպիսով, Մազմանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց:

Այս մասին «Հետք»-ին ասաց Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Նշենք, որ Մազմանյանը ձերբակալվել է ապրիլի 17-ի առավոտյան` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225հոդվածով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ 

Մազմանյանին, սակայն, մեղադրանք է առաջադրվել միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Ակտիվիստի մեղադրանքը վերաբերում է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագին:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 14-ին ցույցերն ու բողոքի երթերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը և մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել Հանրային ռադիոյի շենք։ Նրանք ռադիոյի ղեկավարությանն առաջարկում էին ուղիղ եթեր տրամադրել իրենց, սակայն ղեկավարությունը հայտնում էր, որ տվյալ պահին նման հնարավորություն չկա և առաջարկում ավելի ուշ տրամադրել եթերը։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրվել է Հանրային ռադիոյի մուտքի դուռը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր` իրենք չեն հերքում, որ Տիգրան Մազմանյանը եղել է Հանրային ռադիոյի շենքում, սակայն վերջինս, ըստ փաստաբանի, որևէ հակաօրինական արարք չի կատարել։ Տեղի ունեցածն, ըստ Ռևազյանի, առհասարակ զանգվածային անկարգություն որակվել չի կարող, բայց եթե անգամ այն որակվել է անկարգություն, ապա նման իրավիճակում օրենքը սահմանում է կոնկրետ գործողություններ, որոնք կատարելու դեպքում անձին կարող է վերագրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը։ 

Մասնավորապես` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդը մասը սահմանվում է հետևյալ կերպ․ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։ Այսինքն՝ նախաքննություն իրականացնող մարմինը պետք է ներկայացնի ապացույցներ այն մասին, որ Մազմանյանը կատարել է վերը նշված արարքները կամ դրանցից որևէ մեկը։

Լուսանկարը` Տիգրան Մազմանյանի Ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter