HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բանուչյան

Ցուցարարները փակել են Վիգեն Սարգսյանի ճանապարհը

Դավիթ Բանուչյան

Այսօր Երեւանի Կոմիտասի պողոտայում ցուցարարները թույլ չեն տվել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան շարունակի ճանապարհը։ 

«Հետք»-ի ֆոտոխցիկն արձանագրել է այդ միջադեպը: 

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև. 

«ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։ Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։

Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։ Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։

Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter