
««Լույսը» շարունակում է ծառայել որպես միասնության հարթակ». հիմնադրամի արձագանքը
«Լույս» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հիմնադրամը ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։
« «Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն ծրագրերն ու առաջարկները։
«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ և շրջանավարտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իրենց տեսակետը և ներկայացնելով իրենց անհանգստությունը, ինչը հանդիսանում է նրանց խոսքի ազատության դրսևորումը։
Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր «Լույս» հիմնադրամի շուրջ 61 կրթաթոշակառուներ բաց նամակով դիմել են վարչապետ Սերժ Սարգսյանին և կոչ արել նրան չգնալ իր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես' վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից: Հիշեցնենք, որ «Լույսը» հիմնադրել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել