Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի անարդյունք հանդիպումից մեկ ժամ անց Էրեբունի-Արցախ խաչմերուկում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը:
Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:
Արցախի պողոտայից, ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից հետո, շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց ցուցարարներից մեկը: Մեր տեղեկությամբ՝ վիրավորը «Գալա ՀԸ» վարորդ Արմեն Պետրոսյանն է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները չմանրամասնեցին, թե քաղաքացին ինչ վնասվածք է ստացել:
Դիմակավորված ոստիկանական հատուկ ջոկատայիններն այնուհետև քաշվեցին Արցախի պողոտայից: Այս պահին պողոտան առաջին շարքով հսկողություն են իրականացնում մահակներով ոստիկանները: Ցուցարարների հոծ զանգված քայլերթով ցանկանում է շարժվել Կենտրոն՝ բախումներից խուսափելու համար:
Այս պահին Արցախի փողոցում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կուտակված, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:
12:20
Րոպեներ առաջ բախման վայրից հեռացան փողոցը փակած մահակներով ոստիկանները, սակայն տարածքում ոստիկանների մի խումբ շարունակում է հսկողություն իրականացնել:
12:45
Հանրապետության հրապարակից քայլերթով Էրեբունի վարչական շրջան հասած հարյուրավոր ցուցարարներ եւ էրեբունցիներ այս պահին քայլերթով եւ մեքենաներով բողոքի ակցիա են իրականացնում Էրեբունի փողոցի երկայնքով:
Մեկնաբանել