
Բողոքի երթը Գյումրիում շարունակվում է
Բողոքի երթը Գյումրիում շարունակվում է: Առայժմ ամեն ինչ խաղաղ է: Ցուցարարները շրջում են փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Առավոտյան ոստիկանների կողմից բերման ենթարկված ակտիվիստ, տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանը գտնվում է ոստիկանության Մուշի բաժանմունքում: Առավոտյան փորձ է եղել ոստիկանների կողմից իրենց հետ տանել նաեւ Կարեն Պետրոսյանին, սակայն հավաքված ցուցարարները թույլ չեն տվել, եղել է քաշքշուկ:
Շիրակի թեմի առաջնորդարանի շենքի մոտ գյումրեցիներին խոհեմության, ողջամտության եւ միասնականության կոչով դիմեց թեմի քահանաներից մեկը: Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ ունեցավ բազմազավակ մի կին: Նա ասաց, որ հպարտ է, որովհետեւ իր տղան խոստացել է, որ երբեք, անգամ եթե հացի կարոտ մնան, ոստիկան չի դառնա: Նա հորդորեց ներկաներին թեւաթափ չլինել եւ շարունակել պայքարը: Կարեն Պետրոսյանն էլ իր հերթին հորդորեց ներկաներին համոզել իրենց ծանոթ, բարեկամ ոստիկաններին անցնել ժողովրդի կողմը:
Երեկոյան ժամը 18-ին սպասվում է մեծ հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում: Ցուցարար տղամարդկանցից մեկը խոստացավ գալ սգո ծաղկեպսակով, որի վրա գրված է լինելու «Գյումրեցիներից` Սերժ Սարգսյանին»:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել