HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ում քննվող գործով ձերբակալված պատգամավորները գործով որևէ կարգավիճակ չունեն. անազատության մեջ գտնվող այլ անձինք ևս չկան

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաների օրերին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործերով ձերբակալված, ապա ազատ արձակված  պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը գործով որևէ կարգավիճակ չունեն: Այս մասին տեղեկացանք գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից: (Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գործի  նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է):

Այս օրերին կալանավորված ու ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Կալանավորված անձինք շարունակում են մեղադրյալի կարգավիճակ ունենալ: Մեզ հետ զրույցում Գոռ Աբրահամյանն ասաց, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ գործի նախաքննության ընթացքում կալանավորված, ապա ստորագրությամբ ազատ արձակված անձինք 5-ն են. Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը, ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, Հայկարամ Մնացականյանը , Գևորգ Մանուկյանը Գոռ Միրզոյանը:

Մեղադրյալի կարգավիճակ ունի նաև անչափահաս Էրիկ Խաչատրյանը, սակայն վերջինիս նկատմամբ ի սկզբանե ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց էր ընտրվել:

Ապրիլի 23-ի դրությամբ ՀՔԾ-ի վարույթում քննվող գործերի շրջանակներում ձերբակալված անձանց թիվը 41 էր: Այս պահին մենք պաշտոնական տեղեկատվության չունենք նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի մասին, բայց նրանց մեջ կան անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել: Օրինակ՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցողների մեջ են  շարժման ակտիվ մասնակիցներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը: Այս մասին մենք տեղեկացանք վերջիններիս պաշտպաններ Կարեն Մեժլումյանից և Հերիքնազ Տիգրանյանից: Գրիգորյանի և Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկություն ունենք նաև այն մասին, որ ձերբակաված Տիգրան Ավինյանի վերաբերյալ  քրեական հետապնդում չի իրականացվում:

Ստացվում է, որ ձերբակալված անձանցից ոմանք նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննություն իրականացնող մարմինը հնարավոր է համարել գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացումը դրանով անցնող անձանց ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները որակվել են զանվածային անկարգություն և ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով:

Ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այցելեց ձերբակալվածների պահման վայրում գտնվող պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու վերջինս, ինչպես նաև պատգամավոր Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանն ազատ արձակվեցին:

Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանի՝ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որից հետո է միայն, որ ձերբակալված ու կալանավորված անձանց սկսեցին ազատ արձակել:

Հատկանշական է, որ ձերբակալվածներից ոմանց  համար նախաքննություն իրականացնող մարմինը պատրաստվել է կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան,   սակայն Սարգսյանի հրաժարականից հետո իրավիճակը կտրում փոխվել է:

Քաղաքացիական անհնազադության ակցիաները երեկ՝ ապրիլի 24-ին դադարեցվել էին, այսօր պետք է կայանային բանակցություներ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները չեղյալ հայտարարարվեցին, որից հետո չազվեց, որ ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել: Այսօր ժամը 11:00-ին ՆԻկոլ Փաշինյանը դարձյալ քաղաքացիներին հրավիրել էր Հանրապետության հրապարակ՝ ստեղված իրավիճակը քննարկելու համար, և որոշում է կայացվել շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter