HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը

«Փոխադարձաբար ինքնության նկատմամբ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը նախորդող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:   

Նա համաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու իշխանության կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները ֆորմալ բնույթ են կրել, որովհետև Սահակաշվիլին, առաջնայնությունը տալով աշխարհաքաղաքական իր կողմնորոշմանը, Վրաստանը դրեց թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական և քաղաքական ազդեցության ներքո, որն էլ ավելի խորացրեց Վրաստանի ոչ հայանպաստ դիրքորոշումը: Սակայն նոր իշխանությունները փորձում են առաջնայնությունը տալ ընդհանրական շահերին, որը նոր հնարավորություններ է բացում ավելի անաչառ և արդյունավետ երկխոսության համար: 

«Կարծում եմ, որ ընդհանրապես պետք է մաքսիմալն անել հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար, որովհետև շատ դեպքերում լարվածություններ առաջացել են ոչ թե այն պատճառով, որ մեր հարաբերությունների բնականոն պրոցեսն է բերել այդ լարվածությանը, այլ որովհետև հարցերը դիտարկվել են ոչ թե հայ-վրացական հարաբերությունների, այլ ինչ-որ ուրիշ հարաբերությունների համատեքստում»,-ասաց Ն. Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է կառուցվեն հենց այդ տրամաբանության մեջ: «Չեն կարող հայ-վրացական հարաբերությունները հենված լինել ոչ հայ-վրացական հարթության վրա: Երբեմն այդ փորձերը և սխալները, որ տեղի են ունեցել, դրանք որոշակի ռիսկեր արդեն իսկ ստեղծել են: Ես շատ ուրախ եմ, որ հիմա, այսօր և Վրաստանում, և Հայաստանում կա մթնոլորտ այդ ռիսկերը կառավարել:  

Անդրադառնալով Շ. Թորոսյանի Ջավախքի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի կարևորությանը և հարևանների կողմից շրջափակված Հայաստանի համար այդ տարածքի էական նշանակություն ունեցող հանգամանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն և Վրաստանը դրացիական հանրապետություններ են և իրար նկատմամբ չունեն և չպետք է ունենան նկրտումներ: 

«Ես կարծում եմ, որ կա շատ կարևոր մի խնդիր լուծելու՝ ինքնության նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա կառուցվեն, հետագայում էլ ավելի զարգանան հայ-վրացական հարաբերությունները: Մենք չպետք է վախենանք, որ կան հարցեր, որ պետք է քննարկել, և համոզված եմ, որ բոլոր հարցերը կունենան բարեկամական լուծումներ»,- ավարտեց վարչապետի թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter