HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Փաշինյանը կոչ արեց վաղվանից վերսկսել անհնազանդության տոտալ գործողությունները

Ազգային ժողովում վարչապետի ընտրության արդյունքների հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը Աժ-ից ուղեւորվեց Հանրապետության հրապարակ, որտեղ, իր խոսքով, տեղի էր ունենում շարժման ամենաբազմամարդ հանրահավաքը:

Իր ելույթը նա սկսեց հետեւյալ խոսքերով.

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ,

Աներեւակայելի էր պատկերացնել, որ 12 ժամ շարունակ ՀՀ ավելի քան 250,000 քաղաքացիներ կարող են կանգնել այս հրապարակում, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է, մեր հաղթանակն արձանագրված է, սա ուրիշ Հայաստան է, եւ այդ Հայաստանում մնացել է ընդամենը 50 հատ աթոռ Բաղրամյան 19-ում, մնացած Հայաստանը գտնվում է ՀՀ քաղաքացիների լիակատար իշխանության եւ վերահսկողության ներքո:

Այսօր Հանրապետական խմբակցության պահվածքը ուներ բացառապես պրովոկացիոն բնույթ: Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը եւ նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն բաներ անեն, գրոհներ կազմակերպեն: Բայց, մենք սիրելի ժողովուրդ, դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական այդ մեռելը, որ կոչվում է Հանրապետական կուսակցություն եւ խմբակցություն, ընդհանրապես արժանի չէ մեր ուշադրությանը: Խոսք է գնում բանակցություների մասին, պաշտոնապես հայտարարում եմ, որ դրանք կարող են վերաբերել միայն  ու միայն ՀՀԿ-ի քաղաքական հուղարկավորությանը:

Ուզում եմ հստակ գնահատենք այսօր տեղի ունեցածը: Այսօր ՀՀԿ խմբակցության պահվածքն ունենալու  է նույն էֆեկտը, ինչ ունեցավ մեր առեւանգումը Արցախի փողոցից: Ես ուզում եմ արձանագրենք, որ մենք նույնիսկ կես միլիմետր հետքայլ անելու տարբերակ եւ հնարավորություն չունենք, պետք է գնանք առաջ, միայն ու միայն առաջ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել շարժմանը: Նա դիմեց ոստիկանությանը` կոչ անելով մի կողմ թողնել բոլոր ձեւականությունները, ցած դնել մահակներն ու վահանները եւ խառնվել ցուցարար ժողովրդին:

Տեղեկացրեց, որ Հանրապետական խմբակցության մի պատգամավոր` ԱԱԾ նախկին գեներալ Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը եւ այդպիսով «սեփական անունը ոսկե տառերով գրել ժողովրդի սրտերում»:

Վարչապետի` ժողովրդի թեկնածուն հայտնեց, որ ՀՀԿ-ի գործողությանը իրենց հակագործողությունը լինելու է շատ արագ: Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է, իր խոսքով, տոտալ գործադուլ եւ դասադուլ: 8:15-ից «Իմ քայլը» շարժման անդամները շրջափակելու են հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները: «Դիմում եմ պետական բոլոր ծառայողներին` հայտարարում ենք տոտալ գործադուլ: Ես ուզում եմ, որ հստակ իմանաք` մեր այս պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով: Հաղթանակ...»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Նա վստահություն հայտնեց, որ վաղվա գործողությունների արդյունքում որեւէ քաղաքացուց ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի լինելու, որովհետեւ քաղաքացիական անհնազանդության գործողություններին չմիացած քաղաքացիների թիվը հնարավոր է լինելու հաշվել ձեռքի մատների վրա: «Սա հայ ժողովրդի աստեղային ժամն է եւ չի կարող մթագնվել որեւէ միջադեպով»,- նշեց շարժման առաջնորդը:

Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանի կոչով ծափերով ողջունեցին «Ծառուկյան», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին: «Հանրապետականի գուցե ամենակարեւոր եզրակացությունը հետեւյալն էր` կյանքը տեսնում են իրենց ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից եւ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: ՀՀԿ այդ վերնախավին պետք է թողնել ՀՀ-ի հանրային-քաղաքական կյանքի լուսանցքում: Եթե նրանց կնկատեք որեւէ տեղ, չնկատելու կտաք նրանց գոյոթյունը, որովհետեւ նրանք այլեւս գոյություն չունեն ՀՀ-ում: Շատ հստակ, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ առանց այլընտրանքի ժողովրդի առաջադրած թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, որովհետեւ դա է ժողովրդի հաղթանակը դե յուրե արձանագրելու ճանապարհը»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter