
Խորհրդարանը քննարկում է ՍԴ անդամի ընտրության հարցը․ առաջադրված է Արցախի նախագահի խորհրդականը
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, նիստին գրանցվել է 66 պատգամավոր։ Հիշեցնենք, որ երեկ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։
Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի ընտրության հարցը, որում առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Վերջինս 2017 թվականից մինչև այժմ աշխատել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնում, 2013-16 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2012-13 թվականներին եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, 2008-2012 թվականներին եղել է Արդարադատության նախարարի տեղակալ։ Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային կոչում ունի։
Բաբայանի թեկնածությունը ներկայացրեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
«Էմիլ Բաբյանը մեր երկրին շատ օգուտներ տվել է և դեռ տալու է ՍԴ դատավորի պաշտոնում։ Բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել առանց որևէ կաշկանդվածության»,- ասաց Կոստանյանը։
Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:
Մեկնաբանել