
13-րդ օրն է` «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այսօր՝ մայիսի 7-ին նրա հացադուլի 13-րդ օրն է: Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը բարձրաձայնում է, որ իր պաշտպանյալը խիստ հյուծված է` հացադուլից բացի մեծ ազդեցություն են ունեցել մինչև կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները: Վերը նշված հանգամանքներով պայմանավորված, ըստ Եգորյանի, Չուգասզյանի առողջությանը սպառնացող վտանգն էլ ավելի մեծ է գնահատվում:
Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:
Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա օրեր առաջ ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Չուգասզյանը ապրիլի 23-ին միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ ժողովրդին միանալով Հանրապետության հրապարակում:
Փաստաբանի խոսքով՝ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, բացի ապօրինի լինելուց նաև խիստ անողջամիտ և անտրամաբանական է, քանի որ վերջինս համաժողովրդական շարժմանը միանալով՝ ապացուցել է, որ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակ չունի:
Փաստաբան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու Գարեգին Չուգասզյանն, ըստ էության, մեղադրվում են այն բանի համար, որ կոչեր են արել շուրջօրյա, երկարատև քաղաքացիական անհնազանդության խաղաղ հավաքների և փորձել են այդ միջոցով իշխանափոխություն իրականացնել և ազատվել ռեժիմից:
«Հիշյալ մեղադրանքի շինծու և քաղաքական բնույթի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի դատավարության ընթացքում, ուստի մեղադրանքի դատարկության մասին խոսելն ավելորդ է, այդ հարցն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Գարեգին Չուգասզյանը կալանավայրից բարձրացրել է քաղբանտարկյալների` օր առաջ ազատ արձակման անհրաժեշտության մասին և այդ կապակցությամբ հայտարարել անժամկետ հացադուլ»,- ֆեյսբուքի իր էջում Չուգասզյանի հացադուլ հայտարարելու պատճառի մասին գրել է Տիգրան Եգորյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել