HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարչական դատարանը կքննի նախկին իրավապահին հաշմանդամության կարգից զրկելու որոշումը

Նախկին ռազմական ոստիկան Աբրահամ Մկրտչյանը դիմել է դատարան՝ վիճարկելով իրեն հաշմանդամության կարգից զրկելու որոշումը: Հայցապանջն ընդունվել է վարչական դատարանի վարույթ: Պատասխանող կողմը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է:

Հիշեցնենք, նախկին իրավապահը հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել, որն այս տարի չի հաստավել: Աբրահամ Մկրտչյանը ծառայել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, սակայն առողջական խնդիրների պատճառով 2010թ. մայորի կոչումով ինքնակամ դիմում է գրել և դուրս եկել: Նույն տարվա նոյեմբերից նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել` ողնաշարի հիվանդության, իսկ 2014 թվականից` արդեն սրտի հիվանդության համար:

Այս տարի, սակայն, Աբրահամ Մկրտչյանի մոտ չի հաստատվել հաշմանդամության երրորդ կարգը, թեև այժմ բժիշկների՝ նրան առաջարկած միակ տարբերակը սրտի կծկողականությունն ապահովող արհեստական սարքի (pacemaker) տեղադրումն է, ունեցել է սրտի AV լրիվ պաշարում (կա շտապօգնության ծառայության համապատասխան արձանագրություն), և անընդհատ բժշկական օգնություն կարիք ունի:

Կարգը վկայող փաստաթուղթը Աբրահամ Մկրտչյանին հնարավորություն էր տալիս ամսական ստանալ 15 հազար դրամ թոշակ ստանալ և պետպատվերով կամ մասնակի վճարումով օգտվել բժշկական որոշ ծառայություններից, որոնց կարիքը նա այժմ ունի:

Հիշեցնենք նաև հաշմանդամության կարգը չհաստատելու որոշման տակ ստորագրած Երևանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի` մեզ տված պարզաբանումը, համաձայն որի՝ որոշման իրավական հիմքը Ա. Մկրտչյանի ներկայացրած փաստաթղթերի «օբյեկտիվ վերլուծությունն է», մասնավորապես՝ վերջին հոլտեր հետազոտության արդյունքը:

Հոլտեր հետազոտության ժամանակ բժիշկն արձանագրել է այն, ինչ եղել է 24 ժամվա ընթացքում, պատասխանում է Ա. Մկրտչյանը, բայց շտապօգնության իր կանչերը վկայում են, որ ամեն պահի իր մոտ կարող է լինել սրտի 2-րդ և 3-րդ աստիճանի AV պաշարում՝ ճակատագրական հետևանքով: 

Աբրահամ Մկրտչյանը նաև հարցում էր ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի պատասխանը ստացել է «Հետք»-ի հոդվածի հրապարկումից հետո: Ա. Մկրտչյանը հարցմամբ խնդրել էր անցկացնել կրկնակի փորձաքննություն՝ ընդգրկելով առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ առիթմոլոգի:

Նախարարությունը չի բավարարել Աբրահամ Մկրտչյանի դիմումի նշված կետը: Պատասխանում նախարարությունը գրել է, որ Աբրահամ Մկրտչյանը կրկին ԲՍՓ հանձնաժողով կարող է դիմել «առողջական վիճակի վատթարացման դեպքում՝ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո՝ ներկայացնելով առողջության խաթարումը (վատթարացումը) հաստատող նոր բժշկական փաստաթղթեր»: Աբրահամ Մկրտչյանը ի հայցադիմումին կից ներկայացրել է մինչև հիմա ունեցած բոլոր բժշկական փաստաթղթերը, համոզված է, որ դրանք բավարար իրավական հիմք էին հաշմանդամություն իր կարգը վերահստատելու համար:

Կողմերը դատարանում կհանդիպեն մայիսի 25-ին: Հայցվոր կողմը ոչ միայն պահանջում է անվավեր համարել իրեն հաշմանդամ չճանաչելու վերաբերյալ վարչական ակտը, այլև պարտավորեցնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ իրեն ճանաչել 3-րդ խմբի հաշմանդամ: 

Աբրահամ Մկրտչյանը միակը չէ, ով այս տարի  զրկվել է հաշմանդամության կարգից ու համապատասխան թոշակից: Մամուլի տարբեր հրապարկումներում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ ներքին որոշում կա՝ հաշմանդամության կարգը իջեցնելու ու վերջին՝ 3-րդ կարգը, հանելու վերաբերյալ: Բարձրացած աղմուկից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ հանձնարարական տվեց «որակապես փոխել հաշմանդամության կարգի տրամադրման կարգը»: Կարապետյանն հայտարարել էր, որ հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: «Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցառումների՝ ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են», - նշել էր նախկին վարչապետը։

Մեկնաբանություններ (1)

Աբրահամ Մկրտչյան
Հաշմանդամ չճանաչելու փաստարկները սուբեկտիվ են և չեն համապատասխանում՝ոչ տարբեր բժիշկ-մասնագետների կողմից՝հիվանդությանս վերաբերյալ փաստաթղթավորված օբեկտիվ գնահատականներին,ոչ էլ՝ներկա պահին առողջական վիճակիս:Մասնավորապես՝հանձնաժողովի կողմից վկայակոչած վերջին հոլտեր հետազոտությունից պարզվել է,որ սրտիս ռիթմի խանգարումը ավելի է բարդացել՝նախորդ հետազոտության հետ համեմատած երեք անգամ ավելացել է փորոքային էքստրասիստոլաները:Իմ այն հարցին,թե ինչով են հիմնավորում իրենց կայացրած որոշումը,պատասխանեցին՝նախարարի 2017թ. մայիսի 31-ի հրամանով կատարված չափորոշիչների փոփոխությամբ,որով՝մի շարք հիվանդություններ այլևս հաշմանդամության չեն հանգեցնում:Նման պատասխան ստացա նաև վերափորձաքննությունը անցկացնող մասնագետի՝Բելլա Հովհաննիսյանի կողմից,որը 2015թ-ին մերժել էր 2-րդ խումբ սահմանելու իմ պահանջը՝ հաստատելով ԲՍՓ թիվ 6 հանձնաժողովի 3-րդ խումբ սահմանելու որոշումը:Իրականում՝նախարարի վերը նշված հրամանով, չափորոշիչների փոփոխություն չի կատարվել,պարզապես,արդեն նախկին կառավարությունը ,ցանկացել է ամենախոցելի սոցիալական խավի հաշվին տնտեսում անել,դա հռչակելով բարեփոխում,որի արդյունքում 2017թ-ին 13000 քաղաքացի զրկվել է հաշմանդամության նպաստից և պետ .պատվերով բուժում ստանալու հնարավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter